Հրայր Թովմասյանը՝ Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն կիրառելու հայտարարության մասին
ՀՀ արդադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, թե իրեն չեն թույլատրել մուտք գործել «Նուբարաշեն» ՔԿՀ և տեսակցել նոյեմբերի 5-ի հեղափոխության փորձ կատարած Շանթ Հարությունյանին և մյուսներին, նշեց, թե տվյալ դեպքը բացառություն է եղել.
«Նիկոլ Փաշինյանը ցանկացել է տեսակցություն ունենալ այդ պահին մի անձի հետ, որի բոլոր տեսակցությունները քննիչի որոշմամբ սահմանափակված են եղել, այսինքն՝ արգելք է եղել և այս դեպքում տվյալ անձին հանդիպելու համար կա օրենքով միայն մեկ բացառություն, ինքը կարող է այդ հանդիպումն ունենալ միայն իր փաստաբանի հետ: Մանցածի պարագայում, ելնելով նախաքննության շահերից, քննիչն այդ որոշումը կայացրել է»:
Հրայր Թովմասյանը նշեց նաև, թե ՔԿՀ մուտքի ու ելքի, ինչպես նաև տեսակցելու իրավունքները տարբեր են: «Մուտքն ու ելքը ազատ են, և կան հստակ ընթացակարգեր. առաջին հերթին նա պետք է համաձայն լինի, որ այդ անձինք իր հետ հանդիպեն, պետք է լինի համապատասխան դիմում, այդ անձն իր հետ ունենա համապատասխան փաստաթուղթ և պետք է լինի ՔԿՀ- պետի որոշումը։ Այսինքն՝ այս պարագայում մենք տեսնում ենք, որ եղել է քննիչի որոշում։ Մնացածի դեպքում, երբ որ կարգելվի պատգամավորի մուտքն ու ելքը, տարածքում շրջելը, տարբեր տեղերում լինելը, ծանոթանալը՝ իմ կողմից համապատասխան միջոցներ կձեռնարկվի»,- նշեց նա:
Նաև հավելեց, թե Նիկոլ Փաշինյանն իր հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՔԿՀ-ներից մեկում իրեն թողել են ներս մտնել և հանդիպել է կալանավորվածներից մեկի հետ: ՀԱԿ պատգամավորը հարցրել է՝ ինչո՞ւ մյուս ՔԿՀ-ներ իրեն չեն թողել:
Այս առչությամբ էլ Հրայր Թովմասյանի հայտնեց, թե քրեածառայողական պետի կողմից այդ հարցով նշանակվել է ծառայողական քննություն։ «Այն ՔԿՀ պետը, որը թողել է, եթե պարզվի այդ բոլոր խախտումները՝ կենթարկվի համապատասխան պատասխանատվության»,- ասաց նա։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանն իրեն ասել է իր նկատմամբ բռնություն կիրառելու մասին, ինչի պատճառով էլ նրան թույլ չեն տալիս նրանց հետ հանդիպել, Հրայր Թովմասյանը այսպես արձագանքեց. «Դեռևս հին հույներն ասում էին, թե ես ամեն ինչի վրա կասկածում եմ, եթե կասկածում է՝ ի՞նչ եք ուզում, ասեմ՝ ինչո՞ւ է կասկածում։ Կասկածամիտը կարող է կասկածել։ Մենք ունենք հստակ ընթացակարգեր, բացառել որ դա հնարավոր է՝ ես տեսականորեն չեմ կարող ասել, կա օրենսդրական ընթացակարգ, թե այդ ամենն ինչը ինչպես պետք է արվի»:
Նախարարը հիշեցրեց բողոքարկման ինստիտուտի մասին՝ նշելով. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ես չեմ կարող պատասխան տալ, կարող եմ ասել, որ անցնում են բժշկական զննություն և անկասկած, եթե բռնության հետք, անգամ քերծվածք արձանագրվում է, ուրեմն՝ ես վստահեցնում եմ, որ դրանք արձանագրված են»,- եզրափակեց նախարարը։