
Ինչու են փոխվում գազի հաշվիչները

Ձմռան մոտենալուն զուգահեռ գազի հետ կապված բնակչության բողոքներն ավելանում են: 168.am-ին դիմած մի քանի քաղաքացիներ տեղեկացրին, որ խնդիրներ ունեն հաշվիչների հետ կապված: Մասնավորապես, մի դեպքում գազի ծախսը նախորդ ամսվա համեմատ գրեթե կրկնակի է եղել:
«Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ նախագահ Արամ Գրիգորյանը մեզ հայտնեց, որ նման խնդիրների դեպքում լուծման 2 ճանապարհ կա՝ դիմել մատակարար ընկերությանը կամ դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Միաժամանակ, Ա.Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներկայումս «ՀայՌուսգազարդը» զանգվածային կերպով փոխում է բաժանորդների հաշվիչները՝ ստանդարտացման խնդիրների պատրվակով, իսկ արդյունքում լուծում է մի խնդիր. եթե նախկինում հաշվիչի թույլատրելի սխալը 1% էր, ապա հիմա դարձնում են 5%, և այդ չափով հաշվիչը կաշխատի ի օգուտ ընկերության:
«ՀայՌուսգազարդի» լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքացին պետք է դիմի ընկերությանը, իրենք կստուգեն էպիկրիզը, որից հետո անհրաժեշտության դեպքում հաշվիչը կուղարկեն ստուգաչափման:
«Նման խնդիրները հիմնականում հաշվիչի հետ են կապված լինում: Պետք է պատճառը պարզել»,- ասաց Սարդարյանը:
Անդրադառնալով ընկերության կողմից սպառողների հաշվիչները փոխելու խնդրին՝ Շ.Սարդարյանը նշեց, որ այդ գործընթացը զանգվածաբար չէ, այլ գործող կարգի համաձայն 5 տարի 1 անգամ հաշվիչներն ուղարկում են պլանային ստուգաչափման: