Լյովա Խաչատրյան. Բոլորս պատվերի մեջ ենք, և պատվիրատուները լավ էլ ծաղրում են բոլորիս
Երեկ տեսանյութ տարածվեց, ըստ որի` ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՎՊ նախագահի դեռևս թեկնածու Իշխան Զաքարյանին ԱԺ միջանցքում տեղեկացնում է, թե ինչպիսի հարցեր է ուղղելու իրեն ԱԺ դահլիճում: «Սուր հարցեր կտամ»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:
168.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյոք նույն կերպ պայմանավորվա՞ծ է ԲՀԿ-ն որոշել կողմ քվեարկել Իշխան Զաքարյանի թեկնածությանը: «Չե՞ք կարծում, որ լրատվությունն ուղղորդվում է հիմնականում և ցանկացած մարդու, որ ուզում են վարկաբեկեն` վարկաբեկում են` ում կենացը խման, ում կենացը չխման: Դա խաղեր են, որ ժողովրդի բերանը գցում են… Թեթև տարեք»:
Դիտարկմանը, թե տեսանյութում լսելի է, թե ինչպես են պայմանավորվում, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ես տեսանյութը նայել եմ, և նման տպավորություն չեմ ստացել, որ պայմանավորվում են: Պայմանավորվելու ի՞նչ խնդիր կար: Ինչ խնդիր… այ պայմանավորվում էի ես, երբ որ Լոքյանը գյուղնախարար էր, պայմանավորվում էինք, միմյանց հարց էինք տալիս, մենք ինքներս մեզ վարձատրում էինք մեր աշխառտանքի համար»:
Հարցին, թե ԲՀԿ-ն հիմա այդ կերպ չի՞ վարվում, Լյովա Խաչատրյանը երկմտեց. «Ես չգիտեմ… տենց բան չի կարող լինել»:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ քաղաքական գործիչները պատվեր չեն ստանում հա՞, միայն լրագրողներն են ստանում, պատգամավորն ասաց. «Մենք էլ ենք ստանում, դուք էլ եք ստանում, բոլորս պատվերի մեջ ենք, և պատվիրատուները լավ էլ ծաղրում են բոլորիս»: