Ջերմուկում բացվեց «Գեոթիմի» կողմից վերանորոգված մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը
Նոյեմբերի 11-ին Ջերմուկում տեղի ունեցավ Գեոթիմ ընկերության կողմից վերանորոգված թիվ 2 արվեստի կենտրոնի և Զատիկ մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի հանդիսավոր բացումը:
Բացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: Ժապավենը կտրեցին Ջերմուկի քաղաքապետը և Գեոթիմ ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը:
Այս տարի Գեոթիմը ընդլայնել է դեռևս 2007 թվականից գործող սոցիալական ծրագրերը և Ամուլսարի ծրագրի ազդակիր համայնքներից` Գորայքից, Գնդեվազից և Սարավանից բացի, սոցիալական ծրագրեր է իրականացրել նաև Ջերմուկ համայնքում: Մասնավորապես, Արվեստի կենտրոնի վերանորոգման համար հատկացվել է 52 մլն ՀՀ դրամ: Զատիկ մանկապարտեզի վերանորոգման համար ընկերությունը տրամադրել է 45 մլն դրամ: Եվս 1.2 մլն դրամ հատկացվել է Ջերմուկի ավագ դպրոցի բացօթյա սպորտային հրապարակի կառուցման համար: 24 մլն դրամ Գեոթիմի կողմից հատկացվել է Ջերմուկի զարգացման հիմնադրամին և ևս 15 մլն դրամ` այլ բարեկարգման ծրագրերի համար: Գեոթիմի տնօրեն Հայկ Ալոյանը ընդգծեց, որ ընկերությունը, հանդիսանալով միջազգային Լիդիան ինթերնեյշնլ ընկերության դուստր ձեռնարկությունը իրականացնում է Ամուլսարի ծրագիրը ոչ միայն բարձր միջազգային բնապահպանական, այլև սոցիալական չափանիշներով:
«Շրջակա համայնքների բարեկեցությունը և կայուն տնտեսական զարգացումը Գեոթիմի համար ոչ միայն սոցիալական պատասխանատվություն է, այլև համոզմունք: Մենք վստահ ենք, որ բարեկեցիկ համայնքը լավագույն գործընկերն է: Ամուլսարի ծրագիրը դեռևս չի անցել շինարարական և արդյունահանման փուլերին: Ծրագրի զարգացման հետ սոցիալ-տնտեսական ազդեցությունը համայնքների վրա շատ ավելի զգալի կլինի»,- ասել է Հայկ Ալոյանը: