Նաիրա Կարապետյանի պատասխանը Զարուհի Փոստանջյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայտարարությունն ԱԺ-ում:

«Խոսքս ուզում եմ ուղղել համայն հայությանը՝ անկախ բնակության վայրից, քաղաքական հայացքներից, հասարակական ակտիվության աստիճանից և այլ բազմաթիվ՝ մեզ բոլորիս իրարից տարբերող գործոններից:

Մենք բոլորս ունենք տարբեր արժեքային համակարգ, տարբեր կարծիքներ, տարբեր հոգսեր, տարբեր ընկալում՝ կյանքի այս կամ այն իրավիճակի հետ կապված: Անգամ հայրենասիրության աստիճանն է լինում տարբեր: Սակայն մեկ հարցում մենք միակամ ենք, մեկ հարց շատ կարևորում և միգուցե առավել բարձր ենք դասում մնացածից: Եվ այսօր հենց այդ հարցն ենք կարծես սարքել շահարկման առարկա, անցել չափն ու սահմանը, մեղադրանքներ ենք հնչեցնում միմյանց՝ սկսած խիղճը վաճառելուց և վերջացրած պապերի հիշատակի ինչ-որ պատգամերով:

Այսօր մենք հասել ենք նրան, որ կարողանում ենք ինչ-ինչ երևույթների չակերտավոր արատավոր լինելն առավել գունեղ ներկայացնելու համար հայտարարել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը կողմ քվեարկելու մասին: Հուսով եմ, միայն հայտարարել, այլ ոչ թե փաստացի իրականացնել այս նոնսենսի հասնող երևույթը, քանզի ուզում եմ հավատալ, որ չկա և ոչ մի հայ, ով կարող է այս հարցը դարձնել «հերոսացման» առիթ:

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցն այս պահին քննարկելն արդեն իսկ արկածախնդրություն է: Նախագծի հեղինակի խոսքում ես չլսեցի որևէ հիմնավորում կամ փաստարկ, ես չտեսա բանական մոտեցում, չտեսա այլընտրանքային լուծման ուղի: Շատ հեշտ է ամպագոռգոռ արտահայտություններ անել՝ բանակցությունների ձախողում, առիթ անվստահություն հայտնելու ԼՂՀ հարցում իշխանության վարած քաղաքականությանը, խիղճ, պապեր, Պոնտոս, Կապադովկիա..

Լավ, մի հարց՝ ասենք, թե մի պահ մթագնի մեր գիտակցությունը և մենք վերջ տանք Մինսկի խմբի, այսպես կոչված, ձախողված բանակցություններին… Փոխարենը ի՞նչ է առաջարկվում: Ի՞նչպես ենք կարգավորելու հիմնախնդիրը: Ո՞րն է ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը այս նախագծի վերաբերյալ… Ի՞նչ է տալիս մեզ այս խիստ հայրենասեր նախագիծը:

Պատասխաններ չկան:

Հայրենասիրության խիստ սրացմամբ տոգորված իմ գործընկերներին կոչ եմ անում մնալ բանականության սահմաններում, առաջնային և գլխավոր դասել գերնպատակը՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ և հայանպաստ լուծումը:

Սա է միակ ճիշտ որոշումը»:

Տեսանյութեր

Լրահոս