Էդուարդ Շարմազանով. Ավելի արդարացի կլիներ, եթե Թուրքիան իր «հեղինակությունն» օգտագործեր` ազդելու Ադրբեջանի վրա
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.
«Հարգելի խորհրդարան,
Հարկ է նշել, որ վերջին շրջանի արտաքին քաղաքական օրակարգը բավականին հագեցած էր: Մինսկում նախագահների հայտնի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի քաղաքական հայտարարությունը դրվել է գործնական ռելսերի վրա: Մասնավորապես, հայտարարվեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամացությունը նախապատրաստող աշխատանքային խումբը կստեղծվի նոյեմբերի վերջին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ:
Ավելին` ինչպես նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, ԼՂ հիմնախնդիրը չի բարդացնի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը, իսկ Թուրքիայի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարություն դեռեւս չկա:
Հարգելի խորհրդարան,
Վերջին շրջանի տարածաշրջանային զարգացումները ստիպել են մեր որոշ «հարեւաններին» հանդես գալ հին ու նոր նախաձեռնություններով:
Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարը վերջերս հայտարարեց, որ առաջիկա տարիներին հնարավոր է հայ-թուրքական սահմանի վերաբացումը, եթե հայկական ուժերը դուրս գան ազատագրված տարածքներից:
Կարծում եմ` ավելի արդարացի կլիներ, եթե Թուրքիան իր «հեղինակությունն» օգտագործեր` ազդելու Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս դուրս բերի իր զորքերը ԼՂՀ գրավյալ տարածքներից՝ Շահումյանից, Գետաշենից, Մարտունաշենից, Մարտակերտի հյուսիսից, ինչպես նաեւ ավելի արդարացի կլիներ, եթե Թուրքիան դադարեցներ Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասի օկուպացիան եւ, ի վերջո, գիտակցեր, որ հայերը ապրել են, ապրում են եւ պետք է ապրեն Արցախում այն պարզ պատճառով, որ այն մեր սուրբ հայրենիքի անբաժան մասն է»: