Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին
«Հարգելի պարոն Կոստանյան
Ս.թ. ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի վարչական շենքի դիմաց անհայտ անձի կողմից հրազենից արձակած կրակոցով սպանվել է համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Նույն օրը նշված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է նույն համայնքի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, ով շուրջ ութ ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ:
Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել են քննչական փորձարարություններ, բազմաթիվ առգրավումներ և բնակարանների խուզարկություններ, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ա. Պետրոսյանի խափանման միջոցի ընտրման վերաբերյալ ս.թ. ապրիլի 2-ից մինչ օրս ընդունվել է թվով 5 որոշում, որոնցից յուրաքանչյուրով դատարանը բավարարել է նախաքննություն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու մասին:
Սրանով հանդերձ, սույն քրեական գործով չի հիմնավորվել իմ պաշտպանյալի առնչությունը նշված դեպքին, և նրա մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ:
Պնդում ենք, որ նախաքննությամբ ձեռք չի բերվել որևէ վերաբերելի ապացույց, որևէ փաստական տվյալ, պաշտպանյալիս մեղավորությունը հիմնավորող որևէ հանգամանք՝ նրա կողմից նշված հանցագործությունը կատարելու վերաբերյալ:
Թեև այս ամենին, նախաքննություն իրականացնող մարմինը կրկին անգամ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պաշտպանյալիս կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Վստահաբար պնդում ենք, որ նշված միջնորդությունն ամբողջովին անհիմն է, չպատճառաբանված ու չհիմնավորված, հակասում է ինչպես ՛՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՛՛ Եվրոպական կոնվենցիայի հոդվածներին, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին:
Հարգելի պարոն Կոստանյան Մեր խորին համոզմամբ, նշված գործընթացով խաթարվում է արդարադատության իրականացման բուն էությունը, որի հետևանքով ակնհայտ անմեղ անձը հայտնվել է անազատության մեջ: Մեր խորին համոզմամբ, նախաքննություն իրականացնող մարմինը չի ձեռնարկել քրեադատավարական օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, չի պարզել պաշտպանյալիս մեղավորությունը հիմնավորող հանգամանքները, այն դեպքում, երբ պաշտպանյալիս մեղադրանք առաջադրելը պետք է հաստատվեր գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները և խորապես մտահոգված լինելով գործի հետագա ելքի անորոշությամբ, դիմում ենք Ձեզ՝ հուսալով, որ մեր մտահոգությունները կապված սույն քրեական գործի հետ, Ձեր անմիջական ցուցումով կդառնան լուրջ քննարկման առարկա համապատասխան մարմիններում և վերջնարդյունքում կընդունվի իրապես օբյեկտիվ և արդարացի որոշում՝ պաշտպանյալիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Միաժամանակ, պաշտպանական կողմը նպատակահարմար է համարում Ձեզ հարմար ժամանակ հանդիպել Ձեզ՝ սույն քրեական գործի վերաբերյալ առկա բոլոր մտահգությունները անձամբ Ձեզ ներկայացնելու նկատառումով:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՓԱՍՏԱԲԱՆ՝ ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ»: