Թևան Պողոսյան. Կգա մի օր, երբ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց կընկալեն որպես գործընկերներ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հայտարարությունը ԱԺ-ում:
«Վերահսկիչ պալատի նախագահի նշանակումը կամ ավելի ճիշտ վերանշանակումը ևս մեկ անգամ վկայեց, որ անկախության այսքան տարիների ընթացքում մենք այդպես էլ չենք սովորել քաղաքական ընդդիմությանը վերաբերվել որպես քաղաքական ինստիտուտի, այլ շարունակում ենք դիտարկել որպես իշխանության հակառակորդի: Ես սա ցավով եմ ասում և հույս ունեմ, որ Հայաստանում կգա մի օր, երբ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց կընկալեն որպես գործընկերներ, որոնք նույն նպատակն են հետապնդում, տարբեր կարծիքներ ունեն ճանապարհի վերաբերյալ, բայց հստակ գիտակցում են, որ նպատակը նույնն է:
Ես վստահ եմ, որ վերահսկիչ ֆունկցիաներ ունեցող մի քանի կառույցների ղեկավարումը հանձնելով ընդդիմությանը, իշխանությունն իրականում կշահի, քանի որ ակամայից կդառնա շատ ավելի արդյունավետ, հետևաբար նաև շատ ավելի մեծ արդյունքների կհասնի և շատ ավելի պատրաստ կմոտենա հաջորդ ընտրություններին: Այս պարզ բանաձևը, պարզվում է, դեռ չի ընկալվում մեր երկրում:
Ես կոչ եմ անում քաղաքական մեծամասնությանը ավելի լրջորեն մտածել որոշակի վերահսկողական գործառույթներ ընդդիմությանը վերապահելու ուղղությամբ: Ես չգիտեմ, որոնք են այն վախերը, որոնք մինչ օրս կանգնեցրել են քաղաքակիրթ ժողովրդավարական երկրներին հարիր այս գործընթացը, սակայն հավատում եմ, որ այդ վախերը հաղթահարելու միակ ձևն ուղղակի նման որոշում կայացնելն է, վերցրել ու կայացնելն է, որովհետև միայն փորձելով է, որ կարելի է հավաստիանալ, որ իրականում ընդդիմությունը թշնամի չէ և կարող է աշխատել ու աշխատել հօգուտ: Սա բարի կամքի ժեստ չէ ամենևին, սա արդյունավետ պետություն կառուցելու միակ ճանապարհն է, որ այլընտրանք չունի: Վերահսկիչ պալատի դեպքը շանս էր, որ չօգտագործվեց, բայց նման էլի կառույցներ կան: Իսկ որքան ուշ արվի այս քայլը, այնքան ժամանակ կկորցնենք իզուր»: