Բաժիններ՝

Զ. Փոստանջյան. Ոստիկանների բռնի գործողությունները տեղի են ունեցել Խուդոյանի 8 ամյա աղջիկ երեխայի ներկայությամբ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ԱԺ-ում:

«Այսօր Բաղրամյան 26-ում հացադուլ անող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին ժամը 11:50-ի սահմաններում 4 ոստիկաններ, բռնի ուժ կիրառելով, նստեցրել են շտապօգնության մեքենան և տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանների բռնի  գործողությունները տեղի են ունեցել Խուդոյանի 8 ամյա աղջիկ երեխայի ներկայությամբ:

Ոստիկանների կողմից Աշոտ Խուդոյանի նկատմամբ բռնի ուժի գործադրումը և նրա կամքին հակառակ նրան հիվանդանոց տեղափոխելը արձանագրվել է epress.am լրատվամիջոցի կողմից:

Բռնի ուժով Էջմիածնի հիվանդանոց տեղափոխված Աշոտ Խուդոյանի կինն ու անչափահաս երեխաները Էջմիածնից Երևան են եկել՝ շարունակելու Խուդոյանի հայտարարած նստացույցը: Ինձ հետ զրույցում Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը, իր զայրույթն  արտահայտեց ոստիկանների գործողությունների վերաբերյալ: Բաղրամյան 26-ի դիմացի մայթին նստացույց անող մայրն ասաց, որ կապվել է Աշոտ Խուդոյանի հետ, ով նրան հայտնել է, թե իրեն հոգեբուժարան են տարել, սակայն նա չգիտի, թե որ հոգեբուժարանն է դա:

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց նկատմամբ ոստիկանների կողմից ոչ իրավաչափ ուժ կիրառելը, կամ բողոքի ակցիայի անցկացման անօրինական միջամտությունն ու խոչընդոտումը կրկին դառնում են համատարած և կրում են զանգվածային բնույթ:

Առավել հաճախակի են դարձել բնակելի շենքերի հարակից տարածքների ապօրինի շինարարության դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության և նրանց ապօրինի գործողությունները սպասարկող անձանց կողմից հարձակումները:

Դիմադրություն ցուցաբերողների նկատմամբ հարձակման և բռնի ուժի կիրառումը ոստիկանների կողմից այս պահին դյուրին է, քանի որ դիմադրության օջախները ցրված են և ոչ կանոնավոր: Այս իրավիճակը օգնում է բռնազավթիչներին երկարացնել իրենց ապօրինի գործունեության ժամկետը:

Ընդվզման ժամանակ քաղաքացիները հայտարարում են. «դիմադրության օջախները ծնվում են մեր մեջ ապրող առյուծից և ընվզում են մեզ շրջապատող բորենիների դեմ և հիշեցնում մեզ, որ նախկինում հայկական բարձրավանդակում բնակվում էին առյուծները: Զուգահեռ հայ ազգը պետք է վերածնվի և դառնա նոր առյուծ իր ազգի համար: Հազարավոր բորենիներ չեն կարող հավասարվել մեկ առյուծի, քանի որ առյուծը ծնվել է, որպեսզի հաղթի բորենիներին»:

Եկեք կազմակերպվե´նք, ցույց տանք դիմադրություն, միասնաբար առյուծի նման դուրս գանք բորենիների դեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս