Էդմոն Մարուքյանն առաջարկում է մինչև մեկ տարով հետաձգել պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի կիրառումը (տեսանյութ)
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ առաջարկել է մինչև մեկ տարով հետաձգել պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի կիրառումը՝ զանգվածային տարածման համար: «Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ներդրվող պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ խնդիրը: Նախատեսվում է, որ այդ բաղադրիչի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնելու 2014 թվականի հունվարի 01-ից, այնինչ աշխատավարձը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում շոշափելի չափով բարձրացվելու է 2014 թվականի հուլիսի 01-ից միայն: Այս պայմաններում քաղաքացիների՝ սպառման նպատակով տնօրինվող եկամուտը առնվազն 5%-ով նվազելու է: Ընդ որում, ընդամենը 1.5 ամիս է մնացել համակարգի գործարկման սկզբին, սակայն դեռևս պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեության կազմակերպման համար լիցենզիա ստացած կազմակերպություն չկա: Նման պայմաններում օրենքի ուժի մեջ մտնելը 2014 թվականի հունվարի 01-ից որևէ դրական արդյունքի չի կարող հանգեցնել: Հակառակը, այն հղի է բազմաթիվ խնդիրներով, որի հետևանքները համակարգի գործարկման ժամկետը չհետաձգելու պարագայում կարող են առանց այդ էլ լավագույն վիճակում չգտնվող սոցիալ-տնտեսական պայմաններն էլ ավելի ապակայունացնել: Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում եմ սահմանել, որ պարտադիր կենսաթոշակային բաղադրիչին վերաբերող դրույթներն ուժ մեջ մտնեն ավելի ուշ, օրինակ, մեկ տարի հետո, իսկ եթե մեկ տարով հետաձգումը հնարավոր չէ, ապա առնվազն 2014 թվականի հուլիսից»: