Բաժիններ՝

Ինչ կարող է անել աշխատողը Հայաստանում, երբ նրա իրավունքները խախտվում են

Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության մի քանի եղանակ կա, և դրանց ընտրությունը կախված է իրադրությունից, սուբյեկտի դիրքորոշումից (ավելի երկար, թե կարճ ճանապարհով է ուզում գնալ) և այլն: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյան 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրավունքները խախտված աշխատողը կարող է դիմել Աշխատանքի պետական տեսչությանը, եթե աշխատանքի ընթացքում պարբերաբար տեսնում է, որ գործատուն խախտում է իր իրավունքները՝ կամ վճարման պարտավորությունը չի կատարում, կամ արձակուրդի տրամադրման և այլն: Աշխատողից ստացված դիմումը հիմք է տեսչության կողմից ստուգման, որի ժամանակ տեսչությունը գործատուին հանձնարարում է վերացնել խախտումները:

Հ.Տիգրանյանի խոսքով՝ եթե խախտման բնույթն այնպիսին է, որ դադարել են աշխատանքային հարաբերությունները, այսինքն՝ աշխատողն ազատվել է աշխատանքից, ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելն է, որովհետև միայն դատարանը իրավունք ունի վերականգնել աշխատողին իր հաստիքում. «Աշխատողը կարիք չունի դիմել այլ կառույցներին, պետք է 1-ամսյա ժամկետում դիմի դատարան և կարող է պահանջել, որ անհիմն ճանաչեն իր ազատումը, վերականգնեն և վճարեն այդ ողջ ընթացքում իրեն չվճարված աշխատավարձը: Դատարան դիմելու փորձն առավել հաճախ դրական արդյունք է ունենում: Կան դեպքեր, որ անօրինական է ճանաչվել աշխատանքից ազատվելը, և աշխատողը վերականգնվել է: Պրակտիկայում նաև ուրիշ դեպքեր ունենք՝ վերականգնման դատական ակտեր ունենք, բայց դրանց ի կատար ածումը չունենք: Դա պետք է անի ԴԱՀԿ ծառայությունը, բայց մենք ունենք նույնիսկ ԴԱՀԿ դեմ ակտ, որը չի իրականացվում: Դա ԴԱՀԿ դանդաղկոտության, սուբյեկտիվ մոտեցման և օրենքին ընտրանքային մոտեցման արդյունք է: Մասնավորապես, մի դեպք էլ առնչվում էր հարկային ծառայությանը, որ այդպես էլ փաստացի վերականգնում չեղավ»:

Փորձագետը մատնանշեց ևս մի խնդիր, որ դատարանը կարող է ճանաչել ազատման անօրինականությունը, բայց հաստիքը կրճատված լինի, կամ աշխատողի և գործատուի հարաբերությունները շատ լարված լինեն. «Այդ դեպքում դատարանը մերժում է, բայց վնասի փոխհատուցման պարտականություն դնում գործատուի վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս