Սեյրան Սարոյան. Այ մարդ, ինչի՞ եք էդքան նախանձում, մարդ եղեք
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանն այսօր բավական բարձր տրամադրություն ուներ՝ պայմանավորված ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի վերաառաջադրմամբ: Անդրադառնալով խորհրդարանում Իշխան Զաքարյանի թեկնածության շուրջ ընդդիմության կողմից հնչեցրած քննադատություններին, լրագրողները նախ հետաքրքրվեցին, թե որտեղի՞ց Իշխան Զաքարյանին նման շքեղ առանձնատուն, ինչի մասին խոսում են ընդդիմադիր պատգամավորները:
– Այ մարդ, ինչի՞ եք էդքան նախանձում, մարդ եղեք:
– Բայց որտեղի՞ց Իշխան Զաքարյանին այդ ունեցվածքը:
– Այ մարդ, Զաքարյանը ընկեր չունի՞: Լավ ընկերներ ունի, լավ շրջապատ ունի, լավ մարդ ա Իշխանը: Սաղս էլ օգնել ենք, սաղս էլ ձեռ ենք գցել, տունն ի՞նչ ա, որ չսարքի: Բա մեր նման ընկերներ ունի: Այ մարդ, իմ նման ընկեր ունենաս, դու էլ կունենաս:
– Պաշտոնյան իրավունք չունի չէ՞ նման հարստություն կուտակել:
– Տո խի՞ չունի, ընչի՞ չունի: Ինչի՞, պաշտոնյան պտի սոված մնա՞, հլը ասա՝ տենամ: Ասենք, Իշխանի տունն էլ ծախինք, կերանք, հետո ի՞նչ ենք անելու: Ջահել երեխեք եք, էլի, աշխատեք լավատես լինեք, սիրուն աղջիկ ես, փորձի լավատես լինել, դու տենց սիրուն մարդ էլ չես ունենա, մարդիդ կյանքն ուտելու ես:
– Իսկ Ձեզ չե՞ն մտահոգում արտագաղթի թվերը:
– Մեր ազգը միշտ էլ պանդուխտ է եղել, էթում ֆռում, գալիս է… գալու են, բա ի՞նչ են անելու է, սաղ հարստացել են, ով գնացել է, այնտեղ աշխատում է:
– Բայց պաշտոնական տվյալներով Հայաստանում մոտ 1 մլն աղքատ մարդ կա:
– Հա բա էս քյասիբ պետության մեջ որտե՞ղից բերենք այդքան հարստություն: Գնա-նայի, Ռուսաստանում ու Ուկրաինայում քանի մլն քյասիբ կա: Դե գնա մի տասը օր ապրի, կտենաս, Վրաստանում ավելի լա՞վ են ապրում:
– Պարոն Սարոյան, լավ տրամադրություն ունեք՝ Իշխան Զաքարյա՞նն է առաջադրվել դրա համար:
– Այո, որովհետև մեր Երկրապահի վարչության անդամ է:
– Ընդդիմությունը խորհրդարանում ասում է, թե Ձեր Երկրապահի անդամը խեղճացել է:
– Երկրապահը ոչ մեկի դեմ էլ չի խեղճանում, իր գործը գիտի, սաղդ ասում եք՝ բացահայտում չի անում, լավ էլ անում է, Իշխանը դատախա՞զ է քո համար, ինչ ա՞: