Ա.Բախշյան. «Ինչպե՞ս կարելի է նման տնօրենին թույլ տալ շարունակել իր գործունեությունը դպրոցում»
«Ինչպես տեղեկացնում է hayeli.am կայքը, Երևանի Հ.Սահյանի անվան թիվ 70 դպրոցի տնօրենը համակարգչային տարբեր խանութներից գնել է համակարգիչներ, սակայն պայմանագրով նախատեսված վճարումները չի կատարել և արդյունքում հայտնվել է դատարաններում: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն իր անհանգստությունն է հայտնել այս առիթով՝ նամակով դիմելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր «Հայելի» կայքում դրված հոդվածի բովանդակությունը, մեղմ ասած, ապշեցնող է: Հոդվածից պարզվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության թ.70 հիմնական դպրոցի տնօրենի անհասկանալի առևտրային գործունեությունը, որի մասին փաստաբան Գևորգ Դավթյանն ասել է.
«Հաշվի առնելով, որ խոսքը դպրոցի մասին է, բոլոր հնարավոր զիջումներն արդեն իսկ արվել են: Դպրոցը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, ուստի այն ունի պետության կողմից հատկացված բյուջե: Մեր պահանջը կապ չունի ո՛չ ուսուցիչների աշխատավարձի, ո՛չ էլ դպրոցի գույքի հետ:
Եթե դպրոցի համար ձեռք են բերվել համակարգիչներ, ենթադրվում է, որ բյուջեում նման գումարներ պետք է նախատեսված լինեին: Կամ էլ եթե նախատեսված չեն եղել, կամ այդ գնումը ՊՈԱԿ-ի նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցված չի եղել, ուրեմն կարելի է ենթադրել, որ դպրոցի տնօրենը գերազանցել է իր լիազորությունները:
Խոշոր հաշվով այդ բոլոր մանրամասները մեզ չեն հետաքրքրում. մենք, անկախ ամեն ինչից, պահանջում ենք մեր գումարները»: Սա հերթական օրինակն է, երբ կամ դպրոց ՊՈԱԿ-ների կառավարման խորհուրդների անտեղյակության, կամ տնօրենի անվերահսկելիության ու այդ պաշտոնին անհամատեղության պատճառով հեղինակազրկվում է դպրոցը, արդյունքում՝ կրթությունը:
Ինչպե՞ս կարելի է նման տնօրենին թույլ տալ շարունակել իր գործունեությունը դպրոցում, ով լուրջ վտանգի տակ է դրել ուսուցիչների՝ առանց այդ էլ նսեմացուցիչ աշխատավարձը, չնայած նրանք էլ են մեղավոր այսպիսի տնօրենին հանդուրժելու համար, և եթե իրենց անունով վերցված վարկերը փակելու պարտավորությունը մնա իրենց վրա, թող ոչ մեկին չմեղադրեն:
Ուսուցիչը չպետք է տնօրենի հլու-հնազանդ կամակատարը դառնա, նման տնօրենների ու նրանց հանդուրժող ուսուցիչների օրինակը խիստ վտանգավոր է մեր քաղաքացիական հասարակության ու երկրի ապագայի համար:
Շնորհակալություն համագործակցության համար»:
«Բարև Երևան» խմբակցություն