Հովիկ Աբրահամյանը վաղը կհանդիպի «պատկան մարմնի ղեկավարի» հետ

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը օրերս պարբերաբար հայտարարում էին այն մասին, որ իրենք հանդիպում են խնդրում պատկան մարմինների հետ, բայց նրանց այս կամ այն պատճառով մերժում են: Մասնավորապես, Լևոն Զուրաբյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ ինքը հանդիպում է խնդրել Արաբկիրի ոստիկանապետի հետ, Նիկոլ Փաշինյանն էլ ցանկացել է տեսակցել Շանթ Հարությունյանին և իր համակիրներին, բայց նրանց չեն թույլատրել: Անդրադառնալով այս հանգամանքին, լրագրողներն այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետարքրքվեցին, թե ի՞նչու չեն հարգում պատգամավորների իրավունքը՝ հանդիպելու պատկան մարմինների հետ: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հիմա գիտեք ինչ՝ լավ չի, որ պատգամավորները պարբերաբար են հիշում ԱԺ հեղինակության մասին կամ պատգամավորի պատվի, արժանապատվության մասին: Եթե խոսքը Լևոն Զուրաբյանին, Նիկոլ Փաշինյանին և Զարուհի Փոստանջյանին է վերաբերում,  մենք երեկ քննարկել ենք, ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ներքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի նախագահը, և նախաձեռնել ենք վաղը հանդիպել պատկան մարմնի ղեկավարի հետ և փորձելու ենք հարցի պատասխանը ստանալ»:

Տեսանյութեր

Լրահոս