«Այս պահին ի՞նչ կապ ունի ՀԱԿ-ն ինձ հետ: Ես որոշել եմ քվեարկել». Հրանտ Բագրատյան

Ինչպես տեղեկացրել ենք, Ազգային Ժողովն այսօր փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրում է Վերահսկիչ պալատի նախագահին։ Խմբակցությունները նախապես հայտարարել էին իրենց դիրքորոշման մասին. ՀԱԿ և ՀՅԴ խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվարկությանը։ ՀՅԴ-ն, ինչպես և նախապես հայտարարել էր, չմասնակցեց ընտրությանը։  Սակայն ՀԱԿ խմբակցությունից ընտրության էին եկել պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Ինչպես ՀՀ գլխավոր դատախազի ընտրություններում, այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանը կարծես նկարեց իր քվեաթերթիկը, որովհետև շատ երկար մնաց քվեախցում, իսկ այդտեղից դուրս եկավ հեռախոսը ձեռքին: Երբ լրագրողները հետարքրքվեցին, թե արդյո՞ք այս անգամ էլ նկարել է իր քվեն, Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց՝ միայն ժպտաց։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ նա քվեարկելու է եկել ՀԱԿ որոշմանը ի հակառակ, Փաշինյանն ասաց, թե խմբակցության որոշմանը հարգանքով է վերաբերվում, բայց նաև հավատարիմ է մնում իր սկզբունքներին։ Իսկ Հրանտ Բագրատյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե չի կարող ասել՝ ինչպես է քվեարկել, քանի որ քվեարկությունը գաղտնի էր: Հարցին, թե ինչո՞ւ եք մասնակցում, երբ խմբակցությունը որոշել է չմասնակցել, նա այսպես արձագանքեց. «Այս պահին ի՞նչ կապ ունի ՀԱԿ-ն ինձ հետ: Ես որոշել եմ քվեարկել»:

Տեսանյութեր

Լրահոս