«Կանազի» հոսպիտալում ծեծի ենթարկված զինծառայողներից երկուսին մեկուսացրել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
«Կանազի» կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկն այս պահին հիվանդանոցում է, ստացիոնար բուժում է ստանում, որովհետեւ առողջական լուրջ խնդիրներ ունի: Իսկ մյուս երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցված, եւ տղաները գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Զինվորների ծնողներից մեկի հետ հանդիպել եմ, մյուս երկուսի հետ դեռ չեմ կարողացել հանդիպել, բայց նրանցից մեկի հետ հեռախոսով զրուցել եմ: Մարկոսյան Դավիթը գտնվում է հոսպիտալում՝ ինքը առողջական լուրջ խնդիրներ ունի, խոսքը վերաբերում է նյարդային համակարգի հիվանդություններին, եւ նրան իրապես դեղեր են տալիս՝ հանգստացնող հաբեր: Նա պետք է բուժվի, բժշկական հետազոտության փուլում է գտնվում, որպեսզի որոշվի նրա՝ զինվորական ծառայության պիտանիության հարցը: Մյուս երկու զինվորներին՝ Արշակին եւ Ռազմիկին, տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ: Նրանց նկատմամբ քրեական գործ են հարուցել պետի նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով եւ զինծառայողները գտնվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ակնհայտ է, որ ցուցմունքներ են տալիս այս մարդիկ, որ բժիշկները ալկոհոլ օգտագործած են եղել եւ իրենք են բռնություն կիրառել այդ զինծառայողների նկատմամբ: Ակնհայտ է նաեւ, որ բուժանձնակազմի ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել»:
Ա. Սաքունցի կարծիքով հերթական անգամ փորձ է արվում քողարկել եւ կոծկել հանցագործությունը եւ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում տուժած զինծառայողների եւ նրանց հարազատների նկատմամբ:
«Փոխանակ բռնություն կատարած բժիշկների նկատմամբ քրեական գործ հարուցեն, տեսեք՝ ինչ են անում: Անմարդկային է ոչ միայն բժիշկների արածը, որոնք բռնություն են կիրառում զինծառայողների՝ իրենց պացիենտների նկատմամբ, այլեւ այն, որ նման անձանց պատասխանատվության չեն ենթարկում»:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: