Բաժիններ՝

«Մաման ու քուրիկս գնացել են քաղաք՝ հաց առնելու, ըստեղից չեն առնի, կըսեն՝ թանկ է». Գյումրիում Աղասյանների ընտանիքն ապրում է ծանր պայմաններում

Շենքի սառն ու մութ միջանցքում բարձր ձայնը չէր դադարում. բնակարանի կիսաբաց դռնից այն կողմ խոսում էր հեռուստացույցը: Չնայած այս աղմուկին՝ ներսից լսելի էին դարձել ոտնաձայներս ու դուռը դեռ չթակած՝ իմ առջեւ էր փոքրամարմին մի երեխա՝ ձմեռային կոշիկներով, կարմիր այտերով, խառնված մազերով եւ ուշադիր, զննող հայացքով: Թվում էր՝ նա սպասում էր ինչ-որ մեկի: Տեսնելով ինձ՝ երեխան թողեց դեմքի ժպիտը, ապա կանչեց ներս ու արագ ասաց.

«Մաման ու քուրիկս գնացել են քաղաք՝ հաց առնելու, ըստեղից չեն առնի, կըսեն՝ թանկ է»:

Աղասյանների 5 հոգուց կազմված ընտանիքն ապրում է Գյումրու Շերամ թաղամասի 1/3 շենքի 4-րդ հարկում: Ընտանիքի հայրն այստեղ-այնտեղ աշխատելով է գումար վաստակում, նրանք զրկված են ընտանեկան նպաստից. պատճառը եղել է նոր փաստագրման ժամանակ փաստաթղթեր չներկայացնելը: Սոցիալապես սարսափելի պայմաններում ապրող ընտանիքի 4-րդ զավակը մահացել է վերջերս՝ թոքաբորբից:

 

Իմ այցի ժամանակ տանը, բացի 6-ամա Ռոբերտից ու քրոջից, ոչ ոք չկար: Ցուրտ, խոնավ ու աղքատություն, թշվառություն ծորացող սենյակի բազմոցին պառկած էր 4-ամյա Սյուզին: Նրանից մի փոքր հեռու՝ սենյակի մյուս մասում, չվառվող վառարանն էր, իսկ կողքին իրար վրա դարսած էին փայտի մի քանի կտորներ:

Շորերի տակ կուչ եկած Սյուզին անշարժ էր, նա չէր պատասխանում ոչ մի հարցի, չէր թարթում աչքերը, չէր փոխում հայացքը, նա միայն նայում էր, լուռ նայում: «Հիվանդ չէ, բայց կպառկի, չիդեմ…»,-6-ամյա Ռոբերտը փորձում է բացատրել քրոջ անհասկանալի պահվածքը, ապա մանկական միամտությամբ պատմել ընտանիքի կազմի մասին: Պատից կախված կնոջ լուսանկարի մասին պատմում է ամենայն մանրամասնությամբ: «Վարդուշ տատն է, գնաց կաթ առնելու, ընկավ ավտոյի տակ»,-ապա շարունակում է հարեւաններից,-«Աբրահամը միշտ գուքա, բայց էսօր…»:

Մեկ առ մեկ պատմելուց ու ընտանիքի վիճակը ներկայացնելուց հետո քրոջ նման նա եւս սկսեց լուռ նայել ու այլեւս չխոսել: Սենյակում ճնշող լռության մեջ հանկարծ լսվեց  Ռոբերտի կցկտուր ու մի կերպ արտաբերող բառը. «Սոված ենք»:

Հրապարակումն ամբողջությամբ` այստեղ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս