
Դրեզդենի համալսարանը սխալմամբ հեռացրել է ուսանողներին եւ աշխատանքից ազատել դասախոսներին

Դրեզդենի տեխնիկական համալսարանի ղեկավարությունը սխալմամբ հեռացրել է բոլոր ուսանողներին եւ աշխատանքից ազատել դասախոսներին, գրում է Spiegel-ը:
Ըստ պարբերականի` էլեկտրոնային փոստով հեռացման մասին ծանուցումն ուղարկվել է 42 հազար հասցեատիրոջ: Համաձայն այդ ծանուցման` 12 օրից ուսանողների ու դասախոսների անունները պետք է ջնջվեր համալսարանական բազայից եւ արգելվեր նրանց մուտքը բուհի օնլայն ծառայություններ:
Նշվում է, որ նման թյուրիմացության պատճառը բուհի ծրագրային ապահովվածության համակարգում սխալն է եղել: Համալսարանի ղեկավարությունը ներողություն է խնդրել նամակներն ստացած անձանցից` նշելով, որ, բնականաբար, ոչ ոք հեռացված կամ ազատված չէ: