
«Ամեն գնացողի հետ ես ինձ ավելի մենակ ու անպաշտպան եմ զգում». Արթուր Իսպիրյան

Երաժիշտ Արթուր Իսպիրյանը galatv.am-ին տված հարցազրույցում խոսել է արտագաղթի մասին, բացատրել այն երեւույթները, որոնք ըստ իրեն ստիպում են ՀՀ քաղաքացուն վերցնել ճամպրուկները եւ հեռանալ հայրենի երկրից:
«Ամեն ինչ անում են, որ մարդիկ գնան… ու ասեմ՝ միայն սոցիալական պատճառով չէ, որ գնում են: Գնում են նաեւ անարդարությունների պատճառով, որովհետեւ հոգնում են, զզվում են: Սովորական դպրոցականն էլ, ով գումարում-հանում անել գիտի, լավ է պատկերացնում, թե արտագաղթի նման տեմպերի պահպանման դեպքում ինչ կմնա մեր երկրից մի քանի տարի հետո:
Մենք բոլորս տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում երկրում, եւ ցավալին այն է, որ միջին խավն է հեռանում՝ մարդիկ, ովքեր մասնագիտություն ունեն՝ երաժիշտներից սկսած, վարպետներից վերջացրած, այ այդ մարդիկ լքում են մեզ, եւ ամեն մի գնացողի հետ ես զգում եմ, որ ավելի թուլանում եմ, ավելի մենակ եմ ինձ զգում»:
Ա. Իսպիրյանի խոսքերով՝ գնալով սոցիալ-տնտեսական վիճակն ավելի վատանում է, եւ անգամ այն մարդիկ, ովքեր խորշում էին արտագաղթի գաղափարից, նույնիսկ նրանք են հավաքում ճամպրուկները:
«Ես իմ անձնական օրինակը բերեմ, մենակ ես իմ մտերիմ բարեկամներից, մտերիմ ընկերական շրջապատից 30 հոգու եմ ճանապարհել… ոչ թե այդքան հոգու, այլ այդքան ընտանիք: Եթե այդ թիվը բազմապատկենք 4-ով, կստանանք 120 մարդ, ով իմ հարազատներից լքել է իմ երկիրը: Էլ չեմ ասում՝ կան մարդիկ, որոնց ուղղակի ճանաչում եմ հեռվից, որ գնացել են ու գնում են: Այդ արտագաղթը ամենաշատն է ինձ խոցում: Երբ տեսնում եմ, որ մարդիկ ընտանիքով, երեխաներով գնում են, ես ինձ այնքան տխուր եմ զգում ու այնքան մենակ…»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: