Ամերիաբանկը առաջարկում է ձեռք բերել ՀՀ թողարկած եվրոպարտատոմսերը
Ամերիաբանկն առաջինը Հայաստանում իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն` ձեռք բերելու միջազգային կապիտալի շուկայում շրջանառվող Հայաստանի առաջին սուվերեն – ԱՄՆ դոլարով թողարկված եվրոպարտատոմսերը: Այս մասին տեղեկացնում է բանկի պաշտոնական կայքը։ Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկված եվրոպարտատոմսերի պահանջարկն արդեն հատել է երեք միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանը:
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թողարկված եվրոպարտատոմսերը տեղաբաշխվել են Deutsche Bank AG-ի, HSBC Bank-ի և J.P. Morgan Securities-ի կողմից` 700 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6% տարեկան տոկոսադրույքով: Ընդ որում, տեղաբաշխման արդյունքում ձևավորվել է առաջարկվածից ավելի ցածր գին` ներդրողների համար ապահովելով 6.25% եկամտաբերություն:
Փաստենք, որ «Մուդիզ» վարկանշային կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշը գնահատվել է Ba2- կայուն, իսկ Fitch վարկանշային գործակալության կողմից՝ BB-կայուն:
Նշենք, որ Ամերիաբանկի բրոքերային ծառայությունների շրջանակներում հնարավոր է նաև իրականացնել գործառնություններ բազմաթիվ ֆինանսական գործիքներով, մասնավորապես` բաժնետոմսեր, պարտատոմսեր, ֆյուչերսներ, արտարժութային (forex), դեպոզիտար ստացականներ և այլն: Այժմ արդեն բրոքերային ծառայությունների ներքո հնարավոր է իրականացնել գործառնություններ նաև Հայաստանի Հանրապետության եվրոպարտատոմսերով: