Երբ Շանթին տանում էին, ասաց` տղուս ասա դուխը չգցի
lragir.am-ը զրուցել է Ցեղակրոն կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կնոջ՝ Ռուզաննա Բադալյանի հետ
– Ռուզաննա, Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վովա Գասպարյանն անձամբ բռնություն է կիրառել Շանթի և ազատամարտիկ Վարդան Վարդանանի նկատմամբ: Ազատամարտիկ Վարդան Վարդանյանն էլ ասել է, որ ոստիկանության պետն իրեն հարվածներ է հասցրել, իսկ ուրիշ ոստիկաններ պոկել են կրծքանշանը։ Ոստիկանապետն էլ հերքում է իր կողմից բռնությունը: Այս օրերին խոսե՞լ եք Շանթի հետ, բռնության հետ կապված որևէ բան ասե՞լ է Ձեզ:
– Շանթի ու Վարդանի նկատմամբ բռնություն կիրառելու մասին տեղեկատվությանը ծանոթացել եմ ինտերնետային լրատվամիջոցների միջոցով, այլ տեղեկատվություն չունեմ: Շանթի հետ չեմ խոսել, միայն մի բանում վստահ եմ` եթե Շանթը Նիկոլ Փաշինյանին ասել է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել, ուրեմն այն ճիշտ է:Այս օրերին կարծիքներ եմ լսում, որ Շանթն իբր սուտ է ասել Նիկոլ Փաշինյանին, պարզապես Շանթը երբեք սուտ չի խոսում: Մարդու իրավունքների պաշտպանին նա ուղղակի կարող է ասած չլիներ: Այսքան ժամանակ երբեք Շանթի բերանից սուտ խոսք կամ հերյուրանք չեմ լսել:
– Շանթ Հարությունյանի հայրը հարցազրույցում նշել է, որ իրենց ցեղում բոլորը նստել են, Շանթն էլ պետք է նստի, սա «գենետիկորեն» նստա՞ծ է նրանց մոտ:
– Փաստորեն այո, գենետիկորեն գալիս է: Եվ ես այսօր փաստացի կանգնած եմ այն բանի առաջ, որ իմ 14 տարեկան որդուն այսօր ոչ մի բանից հետ չեմ կարողանում պահել, ինքն ասում է` պապայի կողքն եմ ու վերջ: Այո, Շանթի պապն էլ է նստել, գերի է ընկել, Շահեն Հարությունյունն արտաքսվել է Սովետական Միությունից, Ամերիկայից էլ շարունակել է պայքարել, այն ժամանակ ստեղծել է մարդու իրավունքների հելսինկյան խումբը: Շանթն ամբողջ կյանքում ԿԳԲ-ի հալածանքներն է տեսել իր ընտանիքի հանդեպ: Հայրը երկու անգամ երեք տարով ազատազրկման է ենթարկել Սովետական Միության ժամանակ, նույնը հորեղբայրը, որը տասներկու տարի դատապարտվածություն է ունեցել: Նա այլ կերպ չի կարող ապրել: Մարտի 1-ից հետո ինձ մոտ լիովին հիասթափություն եղավ, երբ ինքը դուրս եկավ, ասում էի` թողնենք գնանք, ասում էր՝ չէ…
– Ռուզան, սակայն Շանթի մասին այնպես եք խոսում, որ կարծես ամուսնալուծված չլինեք, այնքան սեր կա Ձեր խոսքում:
– (Հուզվում է, ձայնը թրթռում) Այդքան տարի ապրել ենք իրար հետ, իրար նման ենք, ախր ես էլ գնացել եմ ընտրել եմ այդպիսի մարդու, շատ դժվար է ապրել մեկի հետ, որ անընդհատ մտածում է ազգի ու պետության մասին: Տասնյոթ տարի մենք միասին ենք եղել, որպես մարդ ինքը հասարակության համար իդեալական մարդ է, շրջապատում ես այդքան անձնազոհ մարդ չեմ տեսնում, իրոք չկա այդքան անձնազոհ մարդ: Նրա համար մեկ էր` ես կգնա՞մ իր հետևից, թե՞ ոչ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: