Արդյոք Իշխան Զաքարյանն այսուհետ բացահայտումներով հանդես կգա՞
Վերահսկիչ պալատի հայտնի բացահայտումներին, ինչպես հայտնի է՝ հաջորդեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խիստ գնահատակնները՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին: «Շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի»,- դիմելով Իշխան Զաքարյանին՝ ասել էր Սերժ Սարգսյանը:
Նոյեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի պաշտոնում դարձյալ վերաառաջադրեց Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Հաշվի առնելով այս հանգամանքը 168.am-ը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց` արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Իշխան Զաքարյանն այլևս նման բացահայտումներով հանդես չի գա: Ի պատասխան Հովհաննես Մարգարյանն ասաց.
«Ես միմիայն կողմ եմ, որ թափանցիկ լինի, ինչ նյութեր կա` ներկայացնեն. մենք միայն կողջունենք սա: Մենք միայն կողջունենք յուրաքանչյուր բացահայտում, որովհետև դրանք մասնավոր գումարներ չեն, ՀՀ գումարներն են, որոնք վերաբերում են մեզ բոլորիս: Երբ ԱԺ-ն իրազեկվում է, թե տարբեր գերատեսչություններում իրականացված վերահսկողությունն ինչպիսին է, սա վա՞տ է: Աժ-ի գործառույթների մեջ մտնում է նաև պետական բյուջեի վերահսկողություն, որովհետև ի վերջո խորհրդարանն է ընդունում բյուջեն, իսկ ՎՊ-ի գործառույթը ծախսային մասի վերահսկողությունն է»:
Մեր այն հարցին, թե չե՞ք կարծում, որ Իշխան Զաքարյանի աշխատանքը թերի մնաց, որովհետև պալատի սկանդալային բացահայտումներից հետո որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, ՕԵԿ պատգամավորը պատասխանեց. «Նախ ՎՊ-ն Սահմանադրությամբ ամրագրված մարմին է, որին տրված է վերահսկողի գործառույթ, նա ստուգողի գործառույթ չունի: Միևնույն ժամանակ ՎՊ-ն պատասխանատվության ենթարկելու գործառույթ չունի: Նա ներկայացրեց փաստերը ԱԺ-ին, իսկ դրանք պետք է քննեն իրավապահ մարմինները: Յուրացում, վատնում՝ նույնն է, մենք գիտենք, բայց կան դեպքեր, որ ոչ թե խախտում է, այլ ոչ պրոֆեսիոնալ ծախս է` անարդյունավետ: Եվ այստեղ խնդիր կա` պետք է կրեն քրեական պատասխանատվություն կամ նյութական պատասխանատվություն: Ես կողմնակից եմ, որ կրեն նյութական պատասխանատվություն»:
Մեր դիտարկմանը, թե նույնիսկ նյութական պատասխանատվություն կրողներ չեղան ՎՊ բացահայտումներից հետո, Հովհաննես Մարգարյանը չհամաձայնեց. «Իսկ ո՞վ է ասել, որ պատասխանատվություն կրող չկա: Բա որտեղի՞ց հայտնվեցին էն թվերը, թե վերականգնվել է էսքան գումար, բա որ չեն կրել՝ որտեղի՞ց է վերականգնվել: 1 մլդ-ից ավելի միջոցներ են վերականգնվել: Ես գիտեմ, որ պատասխանատվության ենթարկվածներ եղել են, մարդիկ կան, որ քրեական պատասխանատվության են ենթարկվել և այլն»:
Հարցին, թե կնշե՞ք մեկ-երկու դեպք, ովքեր ՎՊ հաշվետվությունից հետո պատասխանատվության են ենթարկվել, Հովհաննես Մարգարյանն ասաց, թե այս պահին չի հիշում և ձեռքի տակ չունի այդ տվյալները: