Շ. Հարությունյանը կարճ ժամանակ է եղել Սյունիքի մարզային ոստիկանության պետի տեղակալ եւ հեռացվել է շատ հստակ պատճառով. Մ. Հայրապետյան
Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալո որոշ լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե Շանթ Հարությունյանը ոստիկանական պաշտոններ է զբաղեցրել:
«Անկախ այն բանից, թե ընդունում կամ չենք ընդունում պարոն Շանթ Հարությունյանի պայքարի մեթոդը, մեզ ոչ ոք թույլ չի տվել ոստիկանից ավելի ոստիկան, չեկիստից ավելի չեկիստ, գործակալից ավելի գործակալ լինել եւ անամոթաբար ուղղորդել ընթերցողին դեպի կեղծիքը: Այս հրապարակման ոչ թե ոստիկանաբար, այլ մենթաբար մոլորեցված ընթերցողին ես վկայում եմ, որ իմ սիրելի ընկեր Շանթ Հարությունյանը ոչ թե «ոստիկանական մի քանի պաշտոններ է զբաղեցրել», այլ Վ.Սիրադեղյանի համառ խնդրանքով մի շատ կարճ ժամանակ միայն եղել է Սյունիքի մարզային ոստիկանության պետի տեղակալ անձնակազմի գծով եւ՝ ոչ թե «ինչ-ինչ պատճառներով համակարգից հեռացել է», այլ հստակ հեռացվել է այն միակ պատճառով, որ ինքնադատաստան է տեսել խեղճուկրակ պառավ վաճառողուհուց շուկայում «նալոգ» վերցնող ոստիկանի հանդեպ: Ըստ իս, լա՛վ է արել, պահել է իրեն հատուկ Անխարդախ դեմքը»,-մասնավորապես ասված է Պահպանողական կուսակցության նախագահի հայտարարության մեջ:
168.am-ի տեղեկություններով, Շանթ Հարությունյանն առավելագույնը 20 օր է աշխատել Սյունիքի մարզային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում եւ Վ. Սիրադեղյանի կողմից հեռացվել է` միջադեպի ժամանակ քաղաքացուց «նալոգ» վերցնող ոստիկանին աթոռով հարվածելու համար: