Մեկն ուզում է Մայր տաճարի տանիքին սուրճ խմել, մյուսն էլ՝ պատմական ամրոցը հյուրանոց դարձնել
«Այսօր, վստահաբար, եթե բիզնես ծրագրերին նայենք, շատ-շատերը կուզենային Մայր տաճարի հենց բակում կամ տանիքին սուրճ խմել ու ըմբոշխնել: Բայց դա անհնարին է թույլ տալ, որքանով էլ որ շահութաբեր կլիներ, որքան էլ որ դա կծածկեր Մայր եկեղեցու առջև ծառացած այն խնդիրը, թե ինչպես հոգալ Մայր տաճարի նորոգման ծախսերը»,- այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ «Պատմական հուշարձանների պահպանության ու ժառանգության ապահովման միջոցառումները և հիմնախնդիրները» թեմայով Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր կայացած արտագնա խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Մայր Աթոռի ներկայացուցիչ՝ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ խոսեց Գյումրիի «Սև Ղուլե» կոչվող պատմական նշանակություն ունեցող պաշտպանական ամրոցի մասին, որի սեփականատերը ցանկանում է այն դարձնել հյուրանոց: Ըստ ճարտարապետի, ինքը փորձել է համոզել նման քայլի չգնալ, հուշարձանը չվնասել: Սակայն, բնականաբար, գիտակցում է, որ նախաձեռնությունը պայմանավորված է ֆինանսական օգուտ ստանալու և գումարները հուշարձանի պահպահմանն ուղղելու մտադրությամբ:
Այս կարգի օրինակները բազմաթիվ են՝ պատմական և մշակութային հուշարձանների անհարկի ձևափոխում, անորակ վերանորոգում և այլն: Արդյունքում՝ պատկան մարմինների կողմից գործող իրավական ակտերի և օրենսդրության շրջանակներում ձեռնարկած քայլերը բավարար արդյունք չեն ապահովում, և, ըստ քննարկման մասնակիցների, անհրաժեշտ է առավել հստակեցնել հուշարձանների փոփոխման և տեղափոխման թույլտվության պայմանները:
Դրան է կոչված, մասնավորապես, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» արդեն 15 տարի գործող օրենքում հանրապետական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի հեղինակած փոփոխությունների նախագիծը: Դրանում, ի մասնավորի, ամրագրվում է նաև, որ «հուշարձանի փոփոխումը չի կարող զուգորդվել նրա պատմամշակութային արժեք հանդիսացող արտաքին ու ներքին կերպարների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, նսեմացմամբ կամ ոչնչացմամբ»:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ իր հերթին կարևորեց հասկացությունների հստակեցման անհրաժեշտությունը. «Եթե մենք ֆիքսենք՝ հուշարձանի փոփոխությունն ինչ կարող է լինել, օրինակ, պայմանականորեն՝ հուշարձանի ընդհանուր ծավալը չպետք է կրճատվի, հիմնական ճարտարապետական լուծումներին չպետք է կպնել և այլն»: Ըստ նախարարի, քանի դեռ չկա նման հստակեցում, թե փոփոխություն ասածի տակ ինչ ենք հասկանում, մեկնաբանությունները կարող են տարբեր լինել: Նա նաև հայտնեց, որ այս օրենսդրական փոփոխությանը, ըստ ամենայնի, կհաջորդի նաև Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը: Հարցը, ըստ նրա, քննարկվել է նախարարությունում, և եկել են այն համոզման, որ անհրաժեշտ է խստացնել հուշարձանների հարցում խախտումների համար նախատեսված պատասխանատվությունը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: