Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտվածի առողջական վիճակը բավարար է

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում սրտի վիրահատության էր ենթարկվել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը։ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հավաստմամբ, Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը վստահեցրեց. «Հետվիրատահատական շրջանը կանցնի, կկազդուրվի ու կգնա՝ որտեղից որ եկել է»: Նա նշեց, թե ոչ մի խնդիր, պահանջ, այդ թվում՝ վճարման հետ կապված, Գրիգորյանի նկատմամբ գոյություն չունի, որովհետև ՀՀ կառավարության 318 որոշումը, ինչպես նաև նախարարի չափորոշիչներով սահմանված կարգը՝ կալանավայրերում գտնվող անձանց, ովքեր սուր, անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեն, բժշկական օգնությունը իրականացվում է քաղաքացիական բժշկական հաստատությունում, և վճարը պետական պատվերի շրջանակում է կատարվում, թույլ չի տալիս դատապարտյալից գումար վերցնել: Հարցին, թե անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, որ Էդիկ Գրիգորյանը շարունակի բուժումը արերկրում, նախարարը պատասանեց. «Նա ստացել է լիարժեք բուժում, այնպիսին ինչպիսին կիրականացվեր արտերկրում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս