«Առաջին անգամ Լիսկային դատապարտեցին, երբ դպրոցի բուֆետից գողություն էր արել, հետո՝ աչք էր թափել, իսկ երրորդ անգամ թուրք աղջիկ բռնաբարեց»
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը այսօր Galatv.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ սյունեցիները համախմբվելու են ու պահանջելու են, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկեն:
Սամվել Հարությունյանի հարցազրույցը նաև հետաքրքիր մի շարք բացահայտումներ է պարունակում, թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը շարունակում մնալ մի քանի պատասխանատու պաշտոններում, անգամ այն, թե ինչպիսի աշակերտ է եղել նա դպրոցում և ինչ է գողացել դպրոցի բուֆետից առաջին անգամ, որի համար նրան պատժել են:
Առաջարկում ենք ընթերցել Սամվել Հարությունյանի հարցազրույցի շարունակությունը:
-Լիսկայի խնդրանքը բավարարեցին, ուղղակի նրան իր խնդրանքի համաձայն հանեցին մարզպետի պաշտոնից, բայց մինչև օրս շարունակում է նա պաշտոնավարել Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը: Այն մարդը, որը դպրոցից հեռացվել է, որը մնում էր նույն դասարանում, որը հեռացվեց նաև հանցագործություն կատարելու համար, դատապարտվել է, ազատազրկվել դեռևս անչափահաս տարիքում… և այսքանից հետո նա շարունակում է դեռ զբաղեցնել այդ պաշտոնը: Իսկ նրա որդին, ինչպես մամուլը հրապարակեց, թմրամոլ որդին հիմա կալանավայրում է, բայց դեռ շարունակում է զբաղեցնել Գորիսի համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնը: Լիսկան շարունակում է մնալ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Սյունիքի տարածքային կառույցի ղեկավար, «Սյունիք» բարեգործական հիմնադրամի նախագահ, «Սյունիք», «Գորիս» հայրենակցական միությունների նախագահ:
-Իսկ ինչո՞ւ համար են նրան դպրոցից հեռացրել, ի՞նչ էր արել Սուրիկ Խաչատրյանը դպրոցական տարիներին:
-Դպրոցական տարիքից նա դպրոցի բուֆետից գողություններ էր արել, մինչև այդ էլ նա սովորել էր գողություն անել: Իր ծնողները աշխատում էին «Ավանգարդ» կոլտնտեսությունում, հետո՝ սովխոզում: Նրանք անասնապահներ էին տնտեսությունում: Մայրը կթվորուհի էր, հայրը՝ անասնապահ, և նա հանրային սեփականությունից գողություն էր անում. կաթ էր գողանում: Ամեն օր ձիով 40-50 լիտր կաթ էր գողանում, դե դրանից հետո էլ բուֆետում, դպրոցի բուֆետից էր գողություն կատարել, բռնեցին և դատապարտեցին: Դրանից հետո նա գնաց ու նստեց մանկական կալանավայրում:
-Նրան այդ ժամանա՞կ հեռացրին դպրոցից:
-Այո, իսկ մինչ այդ նա մնում էր նույն դասարանում:
Հետո Կարմեն Առուստամյան ազգանունով մեկը կար Արցախի գյուղերից մեկից, խփել էր, պողպատյա պարանով տվել էր նրա աչքը թափել: Իսկ երրորդ անգամ այդ չարամիտ երիտասարդը դատապարտվեց, երբ թուրք աղջիկ բռնաբարեց ու իր հետ այնտեղից բերեց Գորիս: Ես հարց եմ ուղղում Ազգային անվտանգության ծառայության ղեկավար գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանին, նա ի պաշտոնե պարտավոր էր զբաղվել՝ ինչպես է Սուրիկ Խաչատրյանը ժամկետից շուտ ազատվել ազատազրկման վայրից: Նա Շուշիում էր դատապարտվել: Հետաքրքիր է, թեկուզ և խորհրդային ժամանակներում է եղել, բայց պատկերացրեք՝ մեկը մայրաքաղաք Երևանում կամ Հայաստանի որևէ բնակավայրում գար ու փորձեր հանդգնել հայ աղջիկներ բռնաբարել, ողջ կմնա՞ր, առավել ևս ժամկետից շուտ կազատվե՞ր: Թե ինչումն է այդ գաղտնիքը շուտ ազատման, այ դրա մասին ոչ ոք չգիտի:
Ես ուզում եմ խոսել նաև Սուրիկ Խաչատրյանի ռազմական հաջողությունների մասին: Նրա միակ հաջողությունը Գորիսի քաղաքապետարանի շենքի գրավումն է: Դա 93 թ-ի փետրվարին էր: Դրանից հետո որևէ ռազմական հաջողություն նա չի ունեցել, ձախողումներ լիքը ունեցել է, ինչի հետևանքով լիքը ազատամարտիկներ նրա պատճառով կյանքից զրկվել են, նրա սխալ հրահանգների պատճառով: 93 թ-ի մարտին Սուրմուխ գյուղի մոտ զոհվեցին իրա մեղքով: Ամիս ու կես առաջ ջոկատայիններից մեկը հայտարարեց, որ գալիս էր և օդ էր կրակում, որին հաջորդում էր թշնամու հարձակումը, հրթիռակոծումը Գորիս քաղաքի ուղղությամբ:
Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի, Galatv.am