Հանրահավաք Ազատության հրապարակում. ազատամարտիկը դադարեցրեց հացադուլը (լուսանկարներ)
Այսօր Ազատության հրապարակում հանրահավաք էին հրավիրել ազատամարտիկները: Նշենք, որ արդեն երկու շաբաթ այնտեղ նստացույց ու հացադուլ էր անում ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, ով այսօր հանրահավաքից հետո հայտարարել է, որ դուրս է գալիս հացադուլից, և սկսում են իրենց շտաբների ձևավորման աշխատանքները:
«Երիտասարդների այս պայքարն ապացուցեց, որ համախմբվելու դեպքում կարելի է լուծել յուրաքանչյուր խնդիր: Ուստի առաջին պայմանը՝ համախմբվածություն է պետք: Երկրորդը՝ երիտասարդները ցույց տվեցին իրենց օրինակով՝ դա աննախադեպ ջերմություն էր իրենց շարքերում ժողովրդի կողմից, և տեսանք ինքնակազմակերպումը երիտասարդների»,- Խաչիկ Ավետիսյանի խոսքն է մեջբերում Galatv.am-ը:
Վերջինս նշել է, որ թեև հանրահավաքի մասնակիցների թիվը շատ մեծ չէ, բայց պետք չէ դրանից հիասթափվել, քանի որ մեծ գործ են բռնել և փոքրից են սկսում: Նա վստահություն է հայտնել, որ իրենք դեռ շատանալու են ու հասնելու են հաղթանակի:
Այնուհետև նա ասել է, որ իրենց հայտարարել են պատերազմ, որը իրենք ընդունում են և պատրաստ են լինել ժողովրդի առաջին շարքում:
«Պատերազմ հայտարարածը որևէ անհատ չէ, պատերազմ հայտարարողը մեզ իշխանական համակարգն է, իսկ պատերազմի թիրախները մեր արժեքներն են, մեր հասարակությունն է, հայ մարդն է: Մեզ տանում են դեպի կործանում, մենք պետք է ոտքի կանգնենք ու էդ պարտվողականությունը մեր միջից հանենք ու հպարտանանք, որ հայ ենք»,- ասել է Խաչիկ Ավետիսյանը: Այնուհետև նա կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին թողնել ամբիցիաները և համախմբվել միմյանց շուրջ:
Իսկ հանրահավաքը վարող ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն իր խոսքում ասել է, որ այս հրապարակից իրենք սկսելու են իշխանություններին դաստիարակելու գործընթացը:
Վերջինս պատմել է, որ մեկ տարի է արդեն, որ մահացել է իրենց ընկեր, «Արցախ» ջոկատի հրամանատար Միշիկ Ապրեսյանը, սակայն ՊՆ -ի պատասխանատուները ուղիղ մեկ տարի չեն պատրաստել շիրմաքար: «Վերջում մենք ընկերներով, որպեսզի խայտառակ չլինենք, սարքեցինք գերեզմանը, այդ խայտառակության համար, ոչ թե պաշտպանության նախարարը պիտի էնտեղ վեր ընկնի ու չիմանա, կամ նրա ենթակաները, պետք է իմանանք՝ ով է պատասխանատու ու պատասխան տա»,- ասել է Սուրեն Սարգսյանը:
Այնուհետև ելույթ է ունեցել ազատամարտիկ Հակոբ Հակոբյանը, ով կոչ է արել ազգին ոտքի կանգնել, այլ ոչ թե արտագաղթել:
«Հիշեք, պետք է պայքարել, պետք է այսօրվա իշխանավորներին միաբերան, ոչ թե վռնդենք, ոչ թե ասենք՝ գնացեք, այլ, թող ների այս ամբողջ հասարակությունը, որ ինձ լսում է, միաբերան կանգնենք ու ասենք՝ սիկտիր եղեք ստեղից»,- ասել է ազատամարտիկը, որի ելույթն ընդունվել է բուռն ծափերով:
Իսկ մեկ այլ ազատամարտիկ, որին բոլորը ասում են Ապար, ասել է, որ հաղթանակ տարած ազգը փափագում է, որ ապրի նորմալ:
«Հաղթանակել ենք, բա որ Աստված չաներ տանուլ տված լինեինք, ի՞նչ կանեինք, դա լավ իմանանք: Մեր արիացի հայեր, մեր ազգը արիացի է, «չիստակռով», ու որևէ մեկի մտքով չանցնի մեր արյունը պղտորի, ում մտքով անցել է, ինքը տակ է տվել, ու ի գիտություն թող լինի իշխանություններին, որ վերջնական հաղթանակը ժողովրդինն է: Ապացուցված է, որ հայ ազգի քայքայումը միշտ կատարվում է իր միջից: Պատերազմից հետո փոխանակ մեր ազգը առողջանա, հիմի արտագաղթ է սկսվել, էն թուրքն էլ «Սմերչն» ա առել, հիմի ո՞ր մեկի դեմը գնանք: Պտի մենք մեզի մաքրենք՝ տան մեջը, հետո իմանանք՝ ում դեմ ենք պայքարելու, ով է մեր արյունն ուզում, ով ա մեր արյանը ծարավ. մենք իրա արյունը կթափենք»,- ասել է ազատամարտիկը:
Խոսելով ազգի պառակտման մասին՝ ասել է, թե ով է տեսել, որ երկու միլիոնանոց ազգը 200 հատ կուսակցություն ունենա: Ազատամարտիկը դա համեմատել է ձմերուկը երկու հարյուր մասի բաժանելու հետ: Ի հավելումն՝ նա նշել է, որ իրենց՝ կռվող տղաների կուսակցությունը հայ ազգն է, ուժն ու հաղթանակն է:
Նշենք, որ ազատամարտիկներին աջակցելու էին եկել նաև տրանսպորտի թանկացման դեմ պայքարող մի խումբ երիտասարդներ՝ աջակցելու ազատամարտիկներին: Հանրահավաքից հետո Խաչիկ Ավետիսյանը հայտարարել է, որ իրենք էլ աջակցում են պայքարող երիտասարդներին և իրենք էլ երթով կգնան աջակցելու քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց հայտարարած երիտասարդներին:
Galatv.am, Լիլիթ Թադևոսյան