Երեխան կուրացել է ուսուցչի հարվածի պատճառով. մանկավարժը շարունակում է աշխատել դպրոցում
Արարատի մարզի Դարակերտ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու հարվածի հետևանքով 6-րդ դասարանի աշակերտը կորցրել է տեսողությունը 90 տոկոսով, և այն այլևս ենթակա չէ բուժման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է աշակերտի` Գևորգ Սարուխանյանի մայրը` Գայանեն:
Նա նշել է, որ Գևորգը սովորում է Դարակերտի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում, մարտին մաթեմատիկայի ուսուցչուհին` Սուսաննա Գալոյանը, 3 թերթ գրավոր է հանձնարարել: Առաջադրանքը բարդ է եղել, և տանը մի թերթը գրել են, երկու թերթը չեն կարողացել գրել և երեխան այդպես գնացել է դպրոց:
«Մանկավարժը ասում է` Գևորգ, ինչի՞ չես գրել, ասում է` չկարողացա գրել, նա ասում է` ոտքի կանգնի: Երեխան կանգնում է, ինքը մոտենում է, ձախ ձեռքի մատանին շուռ է տալիս և ուժեղ հարվածում է: Երեխան լաց է լինում, նստում է, ուզում է պայուսակից ջրի ամանը հանել, որ ջուր խմի, ուսուցիչը նորից մոտենում է, ասում` ես քեզ պատժում եմ, պետք է ջուր էլ չխմես: Երեխան լաց է լինում ամբողջ ժամին, 45 րոպե չի թողնում որևէ բանից օգտվի, դա բոլորը նկատել են: Երեխաս եկավ տուն լացելով, նկատեցինք` ինչ է կատարվել, հարցրեցի, իմացա, որ շատ ջղային, կոպիտ կին է, բոլորին ծեծում է, մտածեցի` գնամ դպրոց որևէ բան ասեմ, ոչ մի արդյունք չեմ ունենա»,- պատմել է մայրը:
Միջադեպից հետո անցել են ամիսներ, և օրերից մի օր Դարակերտի դպրոց բժիշկներ են եկել` աշակերտների աչքերը ստուգելու համար: Ադ ժամանակ նրանք Գևորգի մոտ տեսողական խնդիրներ են հայտնաբերել, սակայն տղան տանը ոչինչ չի ասել: Այդ ստուգումից անցնում է մի ամիս, և Գայանեին դպրոցից տեղյակ են պահում, որ երեխայի մոտ աչքի լուրջ խնդիր կա, պետք է տանել ստուգման:
Ծնողները Գևորգին տանում են ստուգման Մալայանի անվան ակնաբուժության կենտրոն, որտեղ բժշկուհին հայտնում է, որ երեխայի աչքի տեսողությունը իջել է մինչև 10 տոկոս, գլխի շրջանում` քունքի կողքը, հարված է ունեցել, թաղանթը մահացել է, ինչը անբուժելի հիվանդություն է:
«Հետո սկսեցին երեխային հարցուփորձ անել բժշկի ներկայությամբ, թե ով է քեզ խփել և այլն, ապա կամաց-կամաց հիշեցինք, որ մարտին նման բան էր կատարվել, մի քանի օր երեխայի գլուխը ցավում էր,աչքը կարմրել էր,եկանք այն եզրակացության, որ հենց այդ հարվածն է եղել, քանի որ մեր երեխան շատ խելոք է: Երեխան 90 տոկոսով տեսողությունը կորցրել է»,- ասել է մայրը` հավելելով, որ իրենք ունեն բոլոր բժշկական փաստաթղթերը:
Դրանից հետո, ուսուցչուհին այցելել է երեխային, հարցուփորձ արել, և Գևորգը պնդել է, որ հենց նրա հարվածից է եղել: Ծնողի պատմելով`մանկավարժը նեղվել է պատասխանից: «Ասաց` ճիշտ է, ես խփել եմ երեխուն, տվեք Գևորգին տանեմ բուժեմ, փողը կտամ: Ասացինք` չէ, երեխան բուժվելու տարբերակ չունի, բժշկին առաջարկել ենք նույնիսկ դուրս տանել, ասել է, որ իզուր գումար մի ծախսեք, հիվանդությունը ենթակա չէ բուժման: Ինքը նեղվեց,ասաց` չէ, ես լավ մանկավարժ եմ, հնարավոր չի, էդպես թողեց, գնաց: Գնացինք դպրոցի տնօրենի մոտ, մանկավարժի ամուսինը եկավ, թե եթե իմ կնոջ հարվածով է, ես կբուժեմ, փողը կտամ, ամեն ինչ կանեմ, մենք էլ չհամաձայնեցինք, ասացինք, որ քո կինը պետք է դպրոցից դուրս գա, իրավունք չունի աշխատելու: Նրանք չհամաձայնեցին, ասացին, թե 62 տարեկան է, պետք է մի տարի էլ աշխատի, նոր դուրս գա, գնա թոշակի, դուրս չի գա դպրոցից,: Ասացինք մի ամիս ժամանակ ենք գալիս, ամուսինը գումար առաջարկեց դեղերի, բուժման համար` փոխարենը խնդրելով կնոջ անունը դուրս չգա, որ չիմանան, որ իր ձեռքով է եղել, բայց մենք չհամաձայնեցինք»,- պատմել է Գայանեն:
Այդպես անցել է մեկ ամիս, բայց ուսուցիչը շարունակում է աշխատել, իսկ գյուղում լուրեր են տարածվել, թե մանկավարժը օգնել է, փող է տվել ընտանիքին, դրա համար չեն բողոքում: Գևորգի հայրն էլ գնացել, բողոքել է ոստիկանությունում, որ «մանկավարժի ձեռքով երեխայի աչքի տեսողությունը կորել է»: Այժմ քրեական գործ է հարուցվել, հարցաքննել են թե երեխային, թե ծնողներին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: