«Ես ժամանակ չեմ ունեցել որևէ մեկի հետ խնդիրներ ունենալու համար». Տեր Հակոբ
Օրեր առաջ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում «Արարատ» երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով իրենց հոգևոր առաջնորդ Տեր Հակոբի վերադարձը, ում տեղափոխել են Սուրբ Երրորդություն եկեղեցի: Միության անդամներն ասում էին, որ հակառակ դեպքում «Արարատ» միությունը կկազմալուծվի:
Արդյոք այս ակցիան ուղղված էր Տեր Հակոբին միություն ետ վերադարձնելուն, թե ուղղակի ակցիա էր, որն ուղղված էր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ, ով տեղափոխել էր Տեր Հակոբին, հրահրված էր որևէ մեկի կողմից, թե ինքնաբուխ էր, ինչն էր պատճառը, որ Տեր Շահեն Տեր Հակոբին մեղադրեց անկարգապահության մեջ, Galatv.am-ը փորձել է պարզել Տեր Հակոբից:
-Տեր Հակոբ, չնայած որ Դուք բնական ընդունեցիք Սուրբ Սարգիս եկեղեցուց Սուրբ Երրորդություն տեղափոխվելը և «Արարատ» միության նախագահի պաշտոնից ազատվելը և ոչ մի պատճառ չնշեցիք, բայց հակառակ դրա` Տեր Շահեն մասսայական լրատվամիջոցներով խոսեց ինչ-որ պատճառների մասին` մեղադրելով Ձեզ անկարգապահության մեջ, ի՞նչ կասեք այս մասին և պատշա՞ճ եք համարում դա, թե՞ ոչ:
-Ես չգիտեմ ինչ պայմաններում և ինչ հանգամանքներում կամ հոգեբանական ինչ հոգեվիճակում է Տեր հայրը խոսել այդ մասին, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Ձեր հարցը ուղղեք նրան: Տեր Շահեն ազնիվ հոգևորական է, զղջացող և խոստովանող, կարծիքս է, որ անդրադարձ կունենա և այս ամենի մասին կխոսի, իսկ պատշաճ է, թե ոչ, ես չէ, որ գնահատականը պետք է տամ:
-Գիտեմ, որ այժմ «Արարատ» միությունը, կարելի է ասել, չի գործում: Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր գնալով միության գործունեությունը առհասարակ կընդհատվի:
-«Արարատ» միությունը որպես կառույց այժմ գոյություն ունի: Ես Սուրբ Սարգիս եկեղեցուց տեղափոխվել եմ Սուրբ Երրորդություն եկեղեցի, այժմ թեմի երիտասարդական միությունների գործունեությունը պիտի շարունակեմ, իսկ «Արարատը» այդ երիտասարդական միություններից մեկն է, սակայն այսուհետ իմ փոխարեն «Արարատ» միության հոգևոր առաջնորդը կլինի Տեր Դանիելը: Ես, ինչպես նախորդ ծառայությունների հանգրվանում, նույնպես այս և հաջորդ, փորձել եմ և պիտի փորձեմ հավատարիմ մնալ մեր Սուրբ Եկեղեցուն և իմ կոչմանը, կփորձեմ արդյունավետ գործունեություն իրականացնել այն համայնքում, որը վստահվել է ինձ, և չգիտեմ, թե դա որքանով ինձ կհաջողվի: Անշուշտ մտահոգ եմ միության հետագա կյանքով, բայց ոչ ոք անփոխարինելի չէ, և ես չեմ կարծում, որ «Արարատ» հոգևոր միությունը չի շարունակի գործել: Միության հետագա ծրագրերի և աշխատանքների մասին տեղեկություն չունեմ, լավ կլինի, որ դիմեք համապատասխան անձերին:
-Ինչպե՞ս եք վերաբերվում միության անդամների խնդրանք-պահանջին Ձեզ միություն վերադարձնելու համար:
-Որևէ մի երևույթ քննելու համար պետք է այն դիտարկել ամբողջական պրոցեսի, գործընթացի մեջ, և քանի որ ես Նավասարդ սրբազանի և միության անդամների հանդիպումների բոլոր մանրամասներին տեղյակ չեմ, ճիշտ կլինի, որ դիմեք իրենց:
-Տեր Հակոբ, այնուամենայնիվ, կարծես թե հասարակությունը չի հավատում Արարատյան Հայրապետական թեմի հայտարարությանն այն մասին, որ Ձեզ տեղափոխել են դրական մղումներ ունենալով, կպարզաբանե՞ք, որևէ խնդիր ունեցե՞լ եք Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևորական դասի կամ անձամբ սրբազանի հետ:
-Ես շատ զբաղված եմ եղել «Արարատ» միության գործերով, այդ երեխաների բոլոր խնդիրները ընդունել եմ որպես իմը ու ժամանակ չեմ ունեցել որևէ մեկի հետ խնդիր ունենալու համար:
Ինչպես Թումանյանն է ասում՝ մեր կյանքը նման է մի ակնթարթի, մի պահ նայում ենք Արարատին և հեռանում աշխարհից, կուզեի, որ բոլորը գիտակցեին, որ իրապես մի ակնթարթ է մեր կյանքը, և կարևոր է, որ այդ ակնթարթի մեջ արդար և ազնիվ լինենք Աստծո, մեր խղճի և դիմացինի հանդեպ: Աստված առաջնորդ բոլորիս:
Galatv.am, Արաքս Մամուլյան