Արդեն գործարկվել են սոցիալական ծառայությունների 6 տարածքային կենտրոններ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել սոցիալական ինտեգրված ծառայությունների համակարգի կառավարման խորհրդի հերթական նիստը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է սոցիալական ինտեգրված ծառայությունների ներդրման ուղղությամբ իրականացվող պիլոտային ծրագրի ընթացքի մասին: Մասնավորապես, նա տեղեկացրել, է, որ ձևավորվել է համալիր սոցիալական ծառայությունների 19 տարածքային կենտրոն, որից 6-ն արդեն գործարկվել է: Մնացած կենտրոններում ընթացքի մեջ են համակարգչային ցանցի անցկացման, համակարգչային տեխնիկայի և կահույքի տրամադրման աշխատանքները, որոնք նույնպես առաջիկայում ավարտին կհասցվեն: Նախարարի հաղորդմամբ` իրականացվել են տեղեկատվական համակարգերի ներդրման, տարածքային կենտրոնների վերանորոգման և աշխատողների վերապատրաստման աշխատանքներ:
Արծարծվել են տարածքային կենտրոնների ամբողջական գործարկման անհրաժեշտ պայմանների ապահովման, այդ թվում` պահպանմանը և տեխնիկական սպասարկմանը վերաբերող հարցեր, որոնց լուծման առնչությամբ վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին: Քննարկվել է նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ֆինանսավորման մոդելի հարցը:
Համակարգի արդյունավետ ներդրման գործում կառավարության ղեկավարը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների միջև շարունակական համագործակցությունը` պիլոտային ծրագրի ընթացքում հնարավոր խնդիրների բացահայտման և լուծման առումով:
Սոցիալական ինտեգրված ծառայությունների համակարգի ներդրման արդյունքում քաղաքացիները ցանկացած սոցիալական խնդրով պետք է դիմեն սոցիալական ինտեգրված ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարան, ինչի համար մշակվել է դիմումների հաշվառման միասնական համակարգ: Ընդունարանը գործելու է մեկ պատուհանի սկզբունքով:

Տեսանյութեր

Լրահոս