Բաժիններ՝

Դատապարտվել է պայմանական ազատազրկման` սուտ ցուցմունք տալու համար

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել սուտ ցուցմունք տալու համար Հ.Վարդանյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել պայմանական ազատազրկման:

Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Հ.Վարդանյանը, ով տուժող է ճանաչվել իր առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հրաուցված քրեական գործով, 04.08.2012թ. և 04.09.2012թ. նույն գործի շրջանակներում սուտ, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել:

Մասնավորապես` Հ.Վարդանյանն իր ցուցմունքներում նշել է, որ օգոստոսի 2-ին իրեն վնասվածք է հասցրել ոչ թե Ռ.Մանուկյանը, այլ` երեք անհայտ անձինք` իրեն չզիջելու կապակցությամբ առաջացած վիճաբանության և քաշքշուկի ընթացքում:

Հ.Վարդանյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և մինչ դատաքննության սկսելը միջնորդել կիրառել արագացված դատաքննության կարգ, ինչը դատարանը բավարարել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. հուլիսի 23-ի դատավճռով` Հ.Վարդանյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման` 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` դատարանը վճռել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 տարի ժամկետով:

Նշենք, որ Հ.Վարդանյանի առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 22.01.2013թ. դատավճռով Ռ.Մանուկյանին մեղավոր է ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և դատապարտել ազատազրկման` 3 տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս