33-ամյա տղամարդու առեղծվածային սպանությունը Երևանում՝ «Մեղեդի» սրճարանի հարևանությամբ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օրի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հուլիսի 25-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Երևանի քաղաքի Մովսես Խորենացի փողոցի բնակիչ 33-ամյա Վահան Հովհաննիսյանի մահվան փաստով:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, այդ օրը՝ ժամը 01.00-ի սահմաններում, Մաշտոց պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում՝ Մեղեդի սրճարանի դիմաց Վ. Հովհաննիսյանը, ով վարելիս է եղել BYD մակնիշի տաքսի ավտոմեքենա, դեռևս անհայտ պայմաններում նրա հետ վիճաբանության մեջ է մտնում մի հեծանվորդ, ու մինչ Վահանը ավտոմեքենայից դուրս է եկել՝ անհայտ անձի կողմից հնչել է կրակոց, ինչի հետևանքով Վահանը որովայնի շրջանում մահացու վիրավորում է ստացել:

Հեծանվորդը Վահանին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի ու Երևան քաղաքի շտապ օգնության բրիգադը Վահանին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, նա մահացել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Վահանը ամուսնացած էր, ունի 2 աղջիկ՝ 7 և 3 տարեկան, իսկ այսօր Վահանի հոգեհանգստին այցելած նրա ընկերները, մտերիմներն ու բարեկամները տարկուսանք են հայտնել, որ քաղաքի կենտրոնում, ուր տեղադրված են տեսախցիկներ, կրակելով մարդ են սպանում ու հանգիստ հեռանում, իսկ ոստիկանությունն էլ մինչև հիմա չգիտի՝ ինչ անի:

 

 

Տեսանյութեր

Լրահոս