«Շատ հարուստ հայեր ուզում են հայտնվել մասոնականության շարքերում, բայց այստեղ պիտի մաքուր մարդիկ լինեն». Ռուբեն Գևորգյանց
Կինոմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցն այն եզակի մարդկանցից է, ով բարձրաձայնում է իր մասոն լինելը ու անգամ` հպարտանում դրանով: Այս մասին նա անկաշկանդ խոսել է նաև Nyut.am-ի հետ զրույցի ընթացքում:
-Պարոն Գևորգյանց, դուք արցախյան գոյամարտի մասնակից վավերագրող եք: Ինչպե՞ս կարող է ազգայնական մարդը լինել նաև մասոն:
-Դուք ուրեմն չգիտեք` մասոնական շարժումն ինչ է: Չեմ ասում Բեթհովենը, Մոցարտը, Լեոնարդո դա Վինչին, ովքեր մասոն էին, Գարիբալդին, որ խիստ ազգայնական ու պայքարող մարդ էր մասոնական ամենաբարձր կարգավիճակն ուներ աշխարհում: Մասոնը պիտի նաև ազգայնական լինի:
-Հրեաների ստեղծած կառույցն է, ի վերջո:
-Մասոնները հրեաների հետ ոչ մի կապ չունեին, մինչև 1914 թ. հրեաների մուտքը լոժա արգելված էր նույնիսկ: Հիմա կան` հրեաներ էլ, արաբներ էլ, հարյուրավոր ազգեր կան մասոնության շարքերում:
-Շատ բան Ձեր մասին հույժ գաղտնի է պահվում: Լավ, ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը, ո՞րն է Ձեր առաքելությունը:
-Երկու կարևոր բան ունի մասոնությունն իր մեջ` դու պիտի լինես հավատացյալ և անես այնպիսի գործեր, որ օգուտ բերես քո սեփական երկրին: Անպայման չի լինել ազգայնական: Մեր կառույցներում կան նաև կուսակցականներ: Այս կառույցը նախ հարմոնիա է, այստեղ ծայրահեղություններ չպիտի լինեն: Ես ազգայնական եմ, բայց ես ծայրահեղական չեմ: Մասոնականությունը եղբայրություն է, եղբայրությունից կարևոր բան կա՞: Մասոնականության մասին վատ կարծիքը ձևավորվել է ռուսական անվտանգության մարմինների կողմից:
-Իսկ ինչպե՞ս կարող են օտար, երբեմն թշնամի ազգերը եղբայր լինել: Օրինակ, գիտենք, որ թուրքական մասոնական հզոր լոժա էլ կա: Այս դեպքում այդ եղբայրությունը արհեստածի՞ն չէ:
-Ասեմ, որ կարող են օտարները լինել եղբայրներ: Այո, Թուքիայում կա մասոնական լոժա, և մենք նրանց ստիպում ենք, որ ընդունեն Ցեղասպանությունը: Ի դեպ, մասոն թուքերը դա ընդունում են: Կգա ժամանակ, որ նրանք կստիպեն իրենց երկրին ընդունել Ցեղասպանության իրողությունը, էս հարյուրամյակին չգիտեմ, բայց մյուսին` հաստատ (ծիծաղում է):
-Ենթադրում եմ, որ գլոբալիզացիան մասոնականության ծնունդ է, որովհետև Ձեզ մոտ բոլոր ազգերը եղբայրներ են:
-Ոչ մի կապ չունի, գլոբալիզացիային դեմ է մասոնականությունը, դեմ է, որովհետև դրա արդյունքում ջնջվում են ազգային հատկությունները:
– Մեր երկրին ի՞նչ է տալիս մասոնականությունը:
-Շատ բան, եթե հայերը ավելի շուտ դառնային մասոն, ասենք ` 70 տարի առաջ, կարող էր շատ բաներ չլիներ: Չնայած` ասեմ, որ Թալեաթը, Աթաթուքը ևս մասոններ են եղել, բայց մասոնությունն էլ ունի իր աղանդը, նրանք Օրիենտ լոժայի անդամներ են, որոնց մենք չենք ընդունում: Հայաստանում շատ բաներ ենք արել, ի՞նչ ասեմ: Մի ժամանակ, օրինակ, հսկայական ավտոբուսներ բերեցինք Ֆրանսիայից: Կան դպրոցներ, որ մենք ենք հովանավորում, շատ ուսանողներ կան, որոնց վարձավճարը մենք ենք տալիս: Շատերին թվում է` սա կուսակցություն է, կամ որ մասոն դարձան, արագ վիզա կստանան դեպի Ամերիկա: Սա նախ և առաջ հոգևոր արժեք է, ախր դա շատ դժվար է բացատրել:
-Ինչու՞ և ինչպե՞ս մարդը պիտի ուզի դառնալ մասոն:
-Եթե մարդն ուզում է անդամագրվել մեր կառույցին, մենք 2 տարի ստուգում ենք իր եկամուտները, իր ու այլ մարդկանց հարաբերությունները, 2 տարի նա քննություն է անցնում: Շատ և շատ հարուստ հայեր ուզում էին հայտնվել մեր շարքերում, բայց ոչ ոք չանցավ, որովհետև մասոնության մեջ պիտի լինեն մաքուր մարդիկ: Իսկ մենք տեսել ենք, որ իրենց կապիտալի հիմքում արյուն է դրված, բոլորի մոտ չէ, իհարկե: Եղել է անգամ, որ անցել են, բայց հետո նրանց հանել ենք, մաքրել ենք մեր շարքերը:
-Լավ, եթե մասոնականությունն այդքան լավ կառույց է, ինչու՞ են շատերը վախենում կամ ատում: Ինչու՞ են մասոները թաքցնում, որ իրենք լոժայի անդամ են:
-Շատերը վախենում են, որովհետև չգիտեն, չեն հասկանում: Իմ կինն էլ էր վախենում, մինչև հիմա էլ վախենում է, մասոնությունից պետք է վախենալ (ծիծաղում է), դե մենք շատ հզոր կառույց ենք, շատ: Ես գաղտնի չեմ պահում, որովհետև ես ոչ մի բանից չեմ վախենում: Մնացածն էլ չեն վախենում: Ուղղակի, ես հասարակական մարդ եմ, բայց կան պաշտոյա կամ գործարար մարդիկ: Պիտի նստեն ու անվտանգության մարմիններին բացատրեն` թե ո՞նց, ինչպե՞ս: Իսկ ատելությունը ձևավորվեց 20-րդ դարում, բռնակալների կողմից: Բռնակալները վախենում են մասոնությունից: Անգրագետ ժողովրդի մեջ կա վախ ու ատելություն, Ամերիկայում բոլորը տաճարներ ունեն: Հայաստանում էլ է լինելու տաճար: Ուղղակի հիմա փող չունենք, իսկ ընդհանուր կառույցից փող չենք վերցնի: Երկրների նախագահներ են ղեկավարում այս կառույցը, աշխարհի ղեկավարների 70 %-ը մասոն են: Ֆրանսիայի նախագահներից շատերն են մասոն եղել:
Ամբողջական հրապարակումը՝ Nyut.am-ում