Բաժիններ՝

Մկո. Հայաստանում շատ ավելի լուրջ և շատ ավելի ցավոտ խնդիրներ կան լուծելու. մամուլ

«Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ Free car կոչվող ակցիան, որի շրջանակներում շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներից շատերն իրենց մեքենաներով մարդկանց անվճար տեղափոխում էին, սկիզբ առավ դերասան Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) շնորհիվ, որին ավելի ուշ միացավ նաև Մկրտիչ Արզումանյանը (Կարգին Մկո)»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ուղեվարձի թանկացման որոշումը կասեցնելու առթիվ «Ժողովուրդը» մի քանի հարց ուղղեց սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանին»:

-Պարոն Արզումանյան, մինչ այդ Հայաս­տանում առաջացած որևէ սոցիալական խնդրի երբևիցե դերասանները նման ակտիվությամբ չէին «խառնվել»: Մինչդեռ այս անգամ բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում և Դուք, համախմբված ու հետևողական կերպով պայքարեցիք: Ո՞րն էր պատճառը:

-Նախ նշեմ, որ նախաձեռնողը Հայկ Մարությանն էր, որոշեցինք այս անգամ մաս­նակցել ու, այսպես ասեմ, կողքով չանցնել: Ես ողջունեցի այդ ակցիան ու որոշեցի մասնակցել: Ու շատ երջանիկ եմ, որ ստացվեց այդ ամենը: Գործընկերներս այս ուղղությամբ ավելի շատ են աշխատել, ես քաղաքում չլինելու պատճառով ավելի ուշ միացա նրանց: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, որ նախկինում չենք մասնակցել, բայց հի­մա մասնակցել ենք: Հիմա մասնակցել ենք ու արդյունքի ենք հասել:

-Պարզապես Հայաստանում սոցիալա­կան, բնապահպանական և այլ բնույթի խն­դիրները շատ են, որոնց դեմ տարբեր քա­ղաքացիական նախաձեռնություններ պայ­քարել են, սակայն դուք երբևէ չեք միացել…

-Այո՛, ճիշտ եք ասում: Ես էլ արդեն նշել եմ, որ լավ կլինի՝ հետևողականություն ցուցաբերենք նաև մյուս հարցերի շուրջ, որովհետև Հայաստանում շատ ավելի լուրջ և շատ ավելի ցավոտ խնդիրներ կան լուծելու: Շատ լավ կլինի, որ մենք նույն այս ձևով համախմբվենք: Իսկ մաս­նակցելու հետ կապված նշեմ, որ ես չեմ կարծում, թե մենք չենք մասնակցել: Ո՛չ, մենք էլ մասնակցել ենք մեր ձևով, անընդհատ մեր հաղորդումներում անդ­րադարձել ենք ցանկացած սոցիալական պրոբլեմի: Մենք ունեցել ենք «No comment» շոու ծրագիր, որտեղ շատ ավելի կոպիտ անդրադարձել ենք նույն այդ պրոբլեմներին: Այնպես որ, եթե ցանկա­նում եք այդ պրիզմայից նայել, խնդրե՛մ, նայե՛ք, դա Ձեր իրավունքն է: Բայց ես գիտեմ, որ մենք անընդհատ անդրադառնում ենք այդ պրոբլեմներին եթերից ու բազմիցս ստանում ենք ժողովրդի կողմից նման խոսակցություն, թե արդյոք ձեզ բան չեն ասում դրա համար:

Մկրտիչ Արզումանյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս