Բաժիններ՝

Ալեքսանդր Սիրունյանն ընդդեմ Կարո Եղնուկյանի գործով դատական նիստին հայցվորը չէր ներկայացրել

Կարո Եղնուկյանի ասածն ուղղված չէ կոնկրետ անձի դեմ, նա ընդամենը կարծիք է արտահայտել, ուստի չի կարող գնահատվել որպես վիրավորանք: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Սամվել Թադևոսյանի նախագահությամբ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ընդդեմ Կարո Եղնուկյանի գործով այսօրվա առաջին նախնական դատական նիստում հայտարարեց պատասխանող Կ.Եղնուկյանի ներկայացուցիչ, փաստաբան  Լևոն Բաղդասարյանը: Նա ընդգծեց, որ վիճարկվող արտահայտությունը որպես Կ.Եղնուկյանի կարծիքը ներկայացվել է նաև լրատվամիջոցների՝ «Ա1+»-ի ու «Առավոտ»-ի հրապարակումներում: Ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց հրապարակումների քաղվածքները:  Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Ըստ պատվի արժանապատվության  և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին հայցի, «2013թ. մայիսի  14-ին «Վարկած»  ակումբում պատասխանողը գնահատականներ է տվել  փաստաբան Ա.Սիրունյանի՝ Վարդան Սեդրակյանի վերաբերյալ  քրեական գործի կապակցությամբ  2013թ. մայիսի 13-ին մամուլի ասուլիսին և փաստաբան Ա.Սիրունյանի ասածները հրապարակայնորեն   որակել է որպես  անբարոյականություն,…»: Պատասխանողի ներկայացուցիչը գտնում է, որ նման կերպ հայցվորն անվիճելիորեն փաստել է, որ պատասխանողի կողմից արված արտահայտությունը գնահատողական քննադատություն է:  Ուստի և, ըստ պատասխանողի, դատարանն ներկայացված հայցն ամբողջությամբ ենթակա է մերժման՝ անհիմն լինելու հիմքով:

Գործով առաջին նախնական դատական նիստին չէր ներկայացել հայցվոր Ա.Սիրունյանը, նա գրությամբ դիմել էր  դատարանին՝ խնդրելով  գործը քննել իր բացակայությամբ:  Ըստ ամենայնի սա գործով նաև վերջին նախնական դատական նիստն էր, և դատարանը որոշում կկայացնի դատաքննություն նշանակելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս