Երևանի ոստիկանապետը ուզում է ակտիվիստների կողակիցը դառնալ (տեսանյութ)
ilur.am-ի փոխանցմամբ՝ Երևանի ոստիկանապետ, գնդապետ Աշոտ Կարապետյանն այսօր բանակցում էր ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ հավաքված ակտիվիստների հետ:
Ցուցարարները պահանջում էին հստակ պարզաբանում տալ՝ ինչ հիմքով են ոստիկանության բաժանմունք տարվել հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող 6 ակտիվիստները: Հավանաբար ցանկանալով մեղմել իրավիճակը՝ Երեւանի ոստիկանապետը փորձեց համոզել ցուցարարներին, որ նրանց «դաշնակիցն է».
«Ես ուզում եմ, որ դուք մեզ նայեք որպես ձեր կողակցի», – ասել է գնդապետ Կարապետյանը:
«Ես չեմ կարող ձեր կողակիցը լինել», – տարակուսած պատասխանել է Կարապետյանի հետ զրուցող ակտիվիստը:
«Մեզ նայեք որպես ձեր կողակցի, և հանգիստ եղեք»,- պնդել է ոստիկանապետը, ապա ՝ հրավիրել է մի քանի ցուցարարի իր հետ բաժանմունք մտնել: