Բաժիններ՝

Քաղաքապետարանը կոպտագույն ձևով խախտում է «Գնումների մասին» ՀՀ օրենքը

Ուղևորափոխադրումների սակագնի փոփոխության հետ կապված համացանցում հրապարակվում են տարատեսակ տնտեսագիտական վերլուծություններ, որոնք մի դեպքում ուղղված են թանկացման հիմնավորմանը, մյուս դեպքում՝ ընդհակառակը: Հայկական իրավական տեղեկատուն ներկայացրել է հարցի իրավաբանական կողմը.

«Երևանի քաղաքապետարանի կայքում նշված է, որ ավտոբուսային փոխադրումներ իրականացնում է 13 մասնավոր կազմակերպություն, իսկ երթուղային փոխադրումներ՝ 43 մասնավոր ընկերություն: Ըստ ՀՀ կառավարության 16 հոկտեմբերի 2008թ.-ի № 1167-Ն որոշման՝ այս կազմակերպությունների ընտրության պայմաններից մեկը պետք է լինի «փոխադրողի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարման չափերը»:

Այսինքն՝ տրանսպորտային ծառայություններ մատուցելու համար պետք է հայտարարվի մրցույթ, որում հաղթողը որոշվում է՝ հաշվի առնելով նաև ներկայացված լավագույն սակագինը, ապա Երևանի քաղաքապետարանի և կազմակերպության միջև կնքվում է պայմանագիր, որով ֆիքսվում է տրանսպորտային ծառայության սակագինը: Ըստ էության՝ սակագնի փոփոխությունը կարող է կատարվել պայմանագրի փոփոխության միջոցով:

Ընդ որում՝ նման մրցույթները պետք է անցկացվեն «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, որով արգելվում է փոփոխել պայմանագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բնութագրերը: Սրա հիմնական նպատակն այն է, որ մրցույթը չանցակցվի ի սկզբանե ոչ շահավետ պայմաններով, որի հետևանքով չեն դիմի մրցույթի պոտենցիալ մասնակիցները, այլ կդիմի մրցույթի կազմակերպչի հետ փոխկապակցված մեկը և որի համար հետագայում մրցույթի պայմանները կփոփոխվեն՝ սահմանելով արտոնյալ պայմաններ:

Փաստորեն՝ քաղաքապետարանն ինչ-որ հաշվարկներով որոշել է բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը, կոպտագույն ձևով խախտում է գնումների գործընթացը: Այս հիմնավորմամբ, սակագնի բարձրացումն անվավեր է, քանի որ խախտվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքը:

Հաշվի առնելով նաև ՀՀ Նախագահի շատ կոշտ հայտարարությունները գնումների և այլ մրցութային գործընթացների թափանցիկության վերաբերյալ՝ կարծում ենք համապատասխան մարմինները հենց գնումների մասին օրենսդրության խախտման տեսանկյունից պետք է շատ լուրջ ուշադրություն ցուցաբերեն երթուղային սակագների բարձրացման հարցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս