Քաղաքացիական պայմանագրի մեկնարկը տրված է. մամուլ
««Քաղաքացիական պայմանագիրը», որի նախագիծը «Հայկական ժամանակում» տպագրվել էր ս/թ հունվարի 24-ին, այսօր հրապարակվում է պաշտոնապես: Պայմանագիրն, այսպիսով, հայտարարում է իր գործունեության պաշտոնական մեկնարկը: Անցած ամիսների ընթացքում նախագիծը անցել է մանրամասն քննարկումների միջով, բավականաչափ հղկվել, մշակվել է, ահա և հասունացել՝ պաշտոնապես հրապարակվելու համար»,- «Հայկական Ժամանակ» օրաթերթում գրում է Նիկոլ Փաշինյանն ու շարունակում.
«Քաղաքական իմաստը, որ ունի կամ պիտի ունենա այսօրվա իրադարձությունը հետևյալն է. Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում ի հայտ է գալիս նոր սուբյեկտ՝ «Քաղաքացիական պայմանագիր» անունով և նրա հիմնարար փաստաթղթի հրապարակումը այդ սուբյեկտի առաջին պաշտոնական քայլն է, որին անպայմանորեն հաջորդելու են երկրորդը, երրորդը, չորրորդը և այդպես շարունակ: Իսկ թե ինչ քայլեր են լինելու դրանք և ինչ նպատակ են ունենալու, ձևակերպված է պայմանագրի տեքստում:
Պետք է արձանագրել, սակայն, որ փաստաթղթի կետերը ունեն մեկնաբանությունների, պարզաբանումների կարիք, այդ հիմնադրույթների հռչակմանը հաջորդելու է յուրաքանչյուր ոլորտի զարգացման մանրամասն ճանապարհային քարտեզի ստեղծումը: Բայց դա լինելու է աշխատանքային համապարփակ գործընթաց, որը տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագրի» կառույցների ձևավորմանը զուգընթաց, մասնագետների ներգրավմամբ, քննարկումների և բանավեճերի միջով:
Իսկ այսօր սկսվում է կամ, ավելի ճիշտ, մի նոր տեսք է ստանում այն գործընթացը, որի նպատակը Հայաստանում օրինական իշխանության և Սահմանադրական իրականության հաստատումն է, և «Քաղաքացիական պայմանագիրը» չի վարանում հայտարարել, որ ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, հայաստանցիների և սփյուոքահայերի աջակցության կարիքը:
Հատուկ պարզաբանման կարիք է զգում նաև հետեւյալ հարցը. ի՞նչ է, ի վերջո, «Քաղաքացիական պայմանագիրը»: Կարող ենք ասել, որ այն միավորում է և փորձելու է քաղաքացիներին համախմբել հիմնարար փաստաթղթում իր հռչակած սկզբունքների շուրջ և այդ համախմբումը օգտագործել երկրում իշխանափոխություն իրականացնելու համար, որովհետև իշխանափոխությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Հայաստանի ներքաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը:
Այսուհանդերձ, մեր բացառիկ պատասխանատվությունը ՀՀ Քաղաքացիների առաջ մեզ ստիպում են պրոցեսները կառուցել այնպես, որ դրանք լինեն ճշգրիտ և հանգեցնեն Քաղաքացիական հաղթանակի: Մեր աոաջին սկզբունքն է բացառել Քաղաքացու պարտությունը և որպես շարունակություն հասնել Քաղաքացիական հաղթանակի:
Առաջիկա գործնական անելիքը հետևյալն է. ձևավորվելու է Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհուրդ, որ հանդիսանալու է Պայմանագրի գործադիր ղեկավար մարմինը: Կառավարման խորհրդի կազմը կհրապարակվի թերևս սեպտեմբերին: Ձևավորվելու է նաև ««Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի» խորհուրդ, որի կազմը նույնպես կհրապարակվի սեպտեմբերին: Սա արդեն լինելու է մի մարմին, որի հիմնական խնդիրը լինելու է վերահսկողությունը «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսավորման նկատմամբ:
Ահա, թերևս այսքանը: Այսօր ավելին ասելու անհրաժեշտություն չկա: Քաղաքացիական պայմանագիրն այլևս իրողություն է և սրանով օրվա ասելիքն ասված է»:
Քաղաքացիական պայմանագիրն ամբողջությամբ՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում: