Վաշխառուի գործողություններից տուժած քաղաքացիների բաց նամակը ՀՀ նախագահին
Մեծարգո պրն. Նախագահ,
Ձեր կողմից բազմիցս նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունում, անկախ դիրքից և ունեցած կարողություններից, հանցանք կատարած ոչ մի անձ չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից: Այդ պահանջը սահմանված է նաև ՀՀ քրեական օրենսգրքով: Սակայն Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի միջամտությամբ, առանց բավարար հիմքերի, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, (նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի) քրեական պատասխանատվությունից ազատվել է մի քանի էպիզոդներով վաշխառության մեջ մեղադրվող Տիգրան Մարտիրոսյանին` կայացնելով արդարացման դատավճիռ: Վճռաբեկ դատարանի նախագահ պարոն Մկրտումյանը բոլորիս աչքին թոզ փչելով ցուցանիշներ է ներկայացնում, թե արդարացման դատավճիռները Հայաստանում նախորդ տարիների համեմատ ավելացել են, սակայն այս դեպքում կայացված արդարացման դատավճիռը, որը պետք է դասվի այդ ցուցանիշների մեջ, եղել է անարդարացի եւ Վճռաբեկ դատարանի «դաբրոյով» ու ցուցումով: Եթե Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն ինքնուրույն, իր ներքին համոզմամբ և գործի փաստերից ելնելով դատեր Տիգրան Մարտիրոսյանին, ապա արդարացման դատավճիռ չէր կայացնի, քանի որ գործում առկա ապացույցներով քրեական վարույթն իրականացնող մարմինը հիմնավորել էր Մարտիրոսյանի վաշխառությունը: Պատկերացնելու համար, թե Տիգրան Մարտիրոսյանն ինչ աստիճան է մտել տոկոսային հարաբերությունների մեջ բավական է datalex.am պաշտոնական կայքում փնտրել Տիգրան Մարտիրոսյանի մասնակցությամբ գործերը, որոնք մի քանի տասնյակի են հասնում: Այդ բոլոր գործերով Մարտիրոսյանը դիմել է դատարան ՀՀ քաղաքացիներից գումար բռնագանձելու կամ իրենց բնակարաններից նրանց վտարելու պահանջով: Հարց է առաջանում` այդ ինչ հարաբերությունների մեջ է մտել Տիգրան Մարտիրոսյանը, որ մի քանի տասնյակի հասնող նման դատական վեճերի մեջ է ներքաշվել: Պատասխանը բացահայտվել է ՀՀ ոստիկանությունում: Հիմնավորվել է, որ Տիգրան Մարտիրոսյանը մասնագիտացված վաշխառու է, տարբեր քաղաքացիների բարձր տոկոսադրույքով գումարներ է տվել, այնուհետև օգտագործելով նրանց կախյալ և ծայրաստիճան ֆինանսական ծանր պայմանները ստորագրել է տվել իր սրտի ուզած փաստաթղթերը: Օրինակ 10 000 դոլար տոկոսով գումար է տվել՝ ստորագրել տալով 20 000 դոլար պարտքով տալու մասին ստացական, որը հետագայում ներկայացրել է դատարան՝ պահանջելով այդ գումարը: Արդյունքում այդ քաղաքացին զրկվել է իր բնակարանից, քանի որ բռնագանձումը տարածվել է նրա բնակարանի վրա: Սա ոչ միայն վաշխառություն է, չլիցենզավորված գործունեություն, (որը datalex.am կայքում առկա տվյալների համաձայն կրում է պարբերական և համատարած բնույթ) այլ նաև դրանում առկա է ազգային անվտանգության խնդիր: Մեր խորին համոզմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանի ցուցումով արդարացվել է այդ անձը՝ հաշվի չառնելով ոչ միայն Մարտիրոսյանի վաշխառության հետևանքով տուժած քաղաքացիների շահերը, այլ նաև ՀՀ ոստիկանության, Դատախազության, քննչական մարմինների կողմից Մարտիրոսյանի այդ արարքը բացահայտելու համար օգտագործված միջոցները: Մենք նույնպես հանդիսանում ենք Տիգրան Մարտիրոսյանի վաշխառուական գործունեության զոհերը: Քրեական հետապնդում իրականացնող մարմինը դարձյալ մի քանի էպիզոդով հիմնավորել է, որ Մարտիրոսյանը մեր գործով կատարել է վաշխառություն: Այժմ գործը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում /թիվ ԵՇԴ/0121/01/12 գործ/: Մենք մտավախություն ունենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մեր դեպքում ևս առաջին ատյանի դատարանի վրա ազդեցություն կգործադրի, որպեսզի Մարտիրոսյանն առանց բավարար հիմքերի ազատվի քրեական պատասխանատվությունից, ինչպես եղավ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նշվածից ելնելով, խնդրում ենք Ձեր միջամտությունը, որպեսզի Վճռաբեկ դատարանը վերջ դնի իր այդ գործողություններին:
Տիգրան Մարտիրոսյանի վաշխառուական գործունեությունից մի խումբ տուժողների կողմից…