Սերգեյ Սարգսյան. Անպայման սենց մի սկանդալային վիճակ պետք ա լինե՞ր, որ մարդիկ սկսեին իրար օգնել

«Armcomedy»-ի համահեղինակ Սերգեյ Սարգսյանը միանում է տրանսպորտայն ճգնաժամի դեմ պայքարին: Վաղվանից աշխատանքի իջնելիս՝ Սերգեյն իր անձնական մեքենայով Նոր Նորք վարչական շրջանի մոտակա կանգառից Կոմիտաս կտեղափոխի այնքան ուղևոր, որքան կտեղավորվի իր մեքենայում:

168.am-ի հետ զրույցում Սերգեյն ասաց, թե մարդկանց իր մեքենայով տեղափոխելու գաղափար դեռ վաղուց է ունեցել, բայց, ցավոք, չի կարողացել իրականացնել այն. «Միտքը շատ վաղուց ա առաջացել ու դա նոր բան չի: Ամերիկայում ուսանող ժամանակ նման փորձ ունեցել եմ ու դրանից հետո Երևանում միշտ մի տեսակ մեղավոր եմ զգացել, երբ դատարկ մեքենայով իջնում եմ գործի, իսկ կանգառում բազմաթիվ մարդիկ են կանգնած… Դա ոնց-որ անիմաստ ռեսուրսների վատնում լինի: Նույնիսկ մի անգամ փորձեցի կանգառում մոտենալ մարդկանց, առաջարկել օգնել իրենց, բայց… երևի մտածեցին ուրիշ բանի համար եմ կանգնում և մուննաթ եկան»:

Նա նշեց, որ տրանսպորտի թանկացմամբ «շատ հետաքրքիր վիճակ է ստեղծվել», որտեղ անկախ ամեն ինչից, կարելի է նոր մշակույթ ձևավորել` իրար ուղղակի օգնելու մշակույթ.

«Հա, գուցե դա վայրի ու աննորմալ հնչի, բայց կարելի է ուղղակի օգնել կողքիններին: էնպես որ՝ այս տրանսպորտային բունտը լավ հնարավորություն ա ստեղծում նրա համար, որ մարդիկ իրար օգնեն ու դատարկ մեքենաները օպտիմալ օգտագործվեն, ինչպես իմը»:

Մեր հարցին, թե նախաձեռնությունը կմեղմի՞ ստեղծված լարված իրավիճակը, Սերգեյը պատասխանեց. «Նույնիսկ եթե այս կամ նման քայլերը գլոբալ բան չփոխեն, ապա ես հույս ունեմ` քաղել առավելագույնը. ստիպել մարդկանց շփվել, ընդհանուր շահը օգտագործել գոնե: Մի քանի անգամ կանգառում տաքսի նստող մարդկանց մոտեցել եմ, առաջարկել եմ, որ կիսվենք տաքսիի ծախսը, միասին գնանք (ակնհայտ էր, որ Մասիվ էր գնում), բայց մարդիկ ինձ կամ գժի տեղ են ընդունել կամ… դե չէ, հիմնականում գժի տեղ: Բայց ինչո՞ւ: Անպայման սենց մի սկանդալային վիճակ պետք ա լինե՞ր, որ մարդիկ սկսեին իրար օգնել: Դե ամեն դեպքում գոնե էս վիճակը թող խթանի սոցիալական փոփոխությունը, որին ես քանի տարի ա՝ սպասում եմ` անիմաստ դատարկ մեքենաների նվազումը ու մարդկանց միմյանց օգնելը»:

Տեսանյութեր

Լրահոս