Բաժիններ՝

Վաշխառուի գործառույթներից տուժած քաղաքացիների բաց նամակը ՀՀ նախագահին

Տիգրան Մարտիրոսյանի վաշխառուական գործունեությունից տուժած մի խումբ քաղաքացիներ մտահոգված են, որ Վճռաբեկ դատարանը առաջին ատյանի դատարանի վրա ազդեցություն կգործադրի որպեսզի Մարտիրոսյանն առանց բավարար հիմքերի ազատվի քրեական պատասխանատվությունից , այդ իսկ պատճառով տուժած քաղաքացիները բաց նամակով դիմում են ՀՀ Նախագահին.

Մեծարգո պրն. Նախագահ,

Ձեր կողմից բազմիցս նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունում, անկախ դիրքից և ունեցած կարողություններից, հանցանք կատարած ոչ մի անձ չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից: Այդ պահանջը սահմանված է նաև ՀՀ քրեական օրենսգրքով: Սակայն Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի միջամտությամբ, առանց բավարար հիմքերի, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, (նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի) քրեական պատասխանատվությունից ազատվել է մի քանի էպիզոդներով վաշխառության մեջ մեղադրվող Տիգրան Մարտիրոսյանին` կայացնելով արդարացման դատավճիռ:

Վճռաբեկ դատարանի նախագահ պարոն Մկրտումյանը բոլորիս աչքին թոզ փչելով ցուցանիշներ է ներկայացնում, թե արդարացման դատավճիռները Հայաստանում նախորդ տարիների համեմատ ավելացել են, սակայն այս դեպքում կայացված արդարացման դատավճիռը, որը պետք է դասվի այդ ցուցանիշների մեջ, եղել է անարդարացի եւ Վճռաբեկ դատարանի «դաբրոյով» ու ցուցումով: Եթե Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն ինքնուրույն, իր ներքին համոզմամբ և գործի փաստերից ելնելով դատեր Տիգրան Մարտիրոսյանին, ապա արդարացման դատավճիռ չէր կայացնի, քանի որ գործում առկա ապացույցներով քրեական վարույթն իրականացնող մարմինը հիմնավորել էր Մարտիրոսյանի վաշխառությունը:

Պատկերացնելու համար, թե Տիգրան Մարտիրոսյանն ինչ աստիճան է մտել տոկոսային հարաբերությունների մեջ բավական է datalex.am պաշտոնական կայքում փնտրել Տիգրան Մարտիրոսյանի մասնակցությամբ գործերը, որոնք մի քանի տասնյակի են հասնում: Այդ բոլոր գործերով Մարտիրոսյանը դիմել է դատարան ՀՀ քաղաքացիներից գումար բռնագանձելու կամ իրենց բնակարաններից նրանց վտարելու պահանջով: Հարց է առաջանում` այդ ինչ հարաբերությունների մեջ է մտել Տիգրան Մարտիրոսյանը, որ մի քանի տասնյակի հասնող նման դատական վեճերի մեջ է ներքաշվել: Պատասխանը բացահայտվել է ՀՀ ոստիկանությունում: Հիմնավորվել է, որ Տիգրան Մարտիրոսյանը մասնագիտացված վաշխառու է, տարբեր քաղաքացիների բարձր տոկոսադրույքով գումարներ է տվել, այնուհետև օգտագործելով նրանց կախյալ և ծայրաստիճան ֆինանսական ծանր պայմանները ստորագրել է տվել իր սրտի ուզած փաստաթղթերը: Օրինակ 10 000 դոլար տոկոսով գումար է տվել՝ ստորագրել տալով 20 000 դոլար պարտքով տալու մասին ստացական, որը հետագայում ներկայացրել է դատարան՝ պահանջելով այդ գումարը:

Արդյունքում այդ քաղաքացին զրկվել է իր բնակարանից, քանի որ բռնագանձումը տարածվել է նրա բնակարանի վրա: Սա ոչ միայն վաշխառություն է, չլիցենզավորված գործունեություն, (որը datalex.am կայքում առկա տվյալների համաձայն կրում է պարբերական և համատարած բնույթ) այլ նաև դրանում առկա է ազգային անվտանգության խնդիր: Մեր խորին համոզմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանի ցուցումով արդարացվել է այդ անձը՝ հաշվի չառնելով ոչ միայն Մարտիրոսյանի վաշխառության հետևանքով տուժած քաղաքացիների շահերը, այլ նաև ՀՀ ոստիկանության, Դատախազության, քննչական մարմինների կողմից Մարտիրոսյանի այդ արարքը բացահայտելու համար օգտագործված միջոցները:

Մենք նույնպես հանդիսանում ենք Տիգրան Մարտիրոսյանի վաշխառուական գործունեության զոհերը: Քրեական հետապնդում իրականացնող մարմինը դարձյալ մի քանի էպիզոդով հիմնավորել է, որ Մարտիրոսյանը մեր գործով կատարել է վաշխառություն: Այժմ գործը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում /թիվ ԵՇԴ/0121/01/12 գործ/: Մենք մտավախություն ունենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մեր դեպքում ևս առաջին ատյանի դատարանի վրա ազդեցություն կգործադրի, որպեսզի Մարտիրոսյանն առանց բավարար հիմքերի ազատվի քրեական պատասխանատվությունից, ինչպես եղավ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նշվածից ելնելով, խնդրում ենք Ձեր միջամտությունը, որպեսզի Վճռաբեկ դատարանը վերջ դնի իր այդ գործողություններին:

Տիգրան Մարտիրոսյանի վաշխառուական գործունեությունից մի խումբ տուժողների կողմից…

Հեղինակ  «Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս