Երևանի քաղաքացիները՝ «Ավելի լավ Երևանի» քաղաքապետին
Կոմիտաս 5ա, 7, 3, 7/1 շենքերի բնակիչները շուրջ 4 տարի է դատական վեճի մեջ են «ԼԻԲԵՐ» ՍՊԸ տնօրեն Քեշիշ Աբրահամի ու Երևանի քաղաքապետարանի դեմ: Կոմիտաս 5 հասցեում տեղակայված էր էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայան, որը դեպի Կոմիտաս 5ա շենքը տեղափոխելու և տեղում նոր բարձրահարկ շենք կառուցելու ապօրինի շին.թույլտվություն էր տվել նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Այդ շինթույլտվությունը, շենքի հին նախագիծը դատական վեճի պատճառ են առ այսօր, քանի որ առկա են բազմաթիվ նորմերի խախտումներ կառուցապատողի ունեցած ու ինչ-որ ձևով ձեռք բերված բոլոր փաստաթղթերում…ի դեպ, քաղաքացիներն ունեն Քաղաքացիական 1-ին ատյանի դատարանի որոշում, համաձայն որի ծառերի արգելանք էր դրվել այդ տարածքւմ բարբարոսաբար ծառերը ոչնչացնելուց, մեկ անգամ տուգանվելուց հետո: Սակայն Կառուցապատողը, լինելով օտարերկրացի, չի հարգում մեր դատական ատյանի որոշումը… Առանց որևէ թույլտվության, այն է՝ ապօրինի կերպով ենթակայանը արդեն տեղափոխել է դեպի Կոմիտաս 5ա շենքը՝ տեղ ազատելով “նորակառուցի” համար: Քաղաքային իշխանությունները խոստացել էին որ շենքի համար նախագիծը կհաստատեն բանկիչների հետ նախապես համաձայնեցնելով, խոստացել էին նաև հատված ծառերի փոխարեն ստիպել կառուցապատողին տասնապատիկ ավել ծառեր տնկել…
Բնակիչները տեղեկացել են նաև, որ շենքի նկուղի համար ինչ որ թղթեր են ստորագրվել քաղաքապետարանում։ Նրանց հստակ պահանջը ներկայացնում ենք ստորև.
Մենք՝ Կոմիտաս 5ա, 7, 3, 7/1 շենքերի բնակիչներս, պահանջում ենք քաղաքապետարանից առանց մեզ հետ քննարկելու և մեր համաձայնությունը ստանալու շենքի նախագիծ չհաստատել, առավել ևս հարկեհարկ թղթեր չստորագրել և չարտոնել կառուցապատողին իր բիզնես-քմահաճույքների բավարարել բնակիչների իրավունքների՝ առողջ կենսամիջավայրում ապրելու սահմանադրական իրավունքի հաշվին:
Միաժամանակ պահանջում ենք ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և համաձայն ՀՀ օրենսդրության տարածքի շահագրգիռ կողմերին ներգրավել քննարկումների մեջ նախկան որևէ նախագծի քննարկում սկսելը։ Չենք հանդուրժի կեղծված հանրային լսումները, ինչպիսիք կազմակերպվել և «փաստաթղթերով» ներկայացվել էին Նալբանդյան 106/1-ի ապօրինի շինարարության սկզբում։
Հետամուտ ենք լինելու, որպեսզի մեր կենսամիջավայրը փոփոխող և մեր կենսական պայմանների վրա ազդող ցանկացած քաղաքաշինական քայլ կատարելուց առաջ քաղաքապետարանը հաշվետու լինի Երևանի քաղաքացիներիս առաջ՝ իր պարտքի և պարտականության համաձայն, ինչի համար և սնվում է մեր՝ հարկատուներիս վճարած հարկերից։
Մասնավորապես պահանջում ենք ապահովել Երևանի քաղաքապետի կողմից «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 28.10.1998թ. «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N660 որոշման պահանջների կատարումը։
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն