Հրաչյա Հարությունյանի դուստրն՝ ընդդեմ Օլգա Սկաբեևայի՞
Հավանականությունը մեծ է, որ այսօր՝ հուլիսի 21-ին, Մոսկվայի «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունքում գտնվող Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները կարողանան հեռախոսազրույց ունենալ ավտովարորդի հետ: Այս մասին Galatv.am-ին փոխանցել է Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: «Տեսնենք այսօր կստացվի՞, մեզ խոստացել են, բայց դեռ որ մենք իրա ձայնը չենք լսել»,-ասել է Լիլիթ Հարությունյանը:
Նա ասել է նաև, որ Հրաչյա Հարությունյանի հարազատները, բարեկամներն ու ծանոթները որևէ առարկություն չունեն, որ նա մնա «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունքում, որտեղ նրան տեղափոխել են հետազոտության նպատակով. «Եթե գտնում են, որ դա է ճիշտ, ուրեմն մենք դեմ չենք, որ մնա այդտեղ, ամենակարևորը, որ ամեն ինչ ճիշտ լինի»,- նշել է Լիլիթ Հարությունյանը:
Հրաչյայի դուստրն ասել է, որ նրանք զրուցում են մշտապես փաստաբանների հետ ու նաև տեղյակ են, որ Հրաչյա Հարությունյանը սթափվել է, երբ նրան այցելության են գնացել ՌԴ-ում գտնվող ՀՀ դեսպանատան աշխատակիցները և որոնց հետ անգամ ընտանիքին բարևներ է ուղարկել:
Լիլիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր փաստաբաններից, լրագրողներից ու ՀՀ այն քաղաքացիներից, ովքեր այս օրերին ցույց տվեցին, որ Հրաչյա Հարությունյանի և ընտանիքի կողքին են: Նա ասել է նաև, որ վերջին երկու օրերի հրապարակումները ևս հուսադրող են՝ կապված նրա հետ, որ ճանապարհին նշաններ չեն եղել, որոնց առկայությունը պարտադիր է. «Բոլորն էլ, կարծում եմ, գիտեն և շատ լավ հասկանում են, որ ամեն ինչ այնքան էլ այնպես չէր, որ ներկայացվեց առաջին օրերին…»,- նշել է Լիլիթ Հարությունյանը՝ հավելելով, որ իրենց բոլորից շատ վրդովվեցրել է «Ռոսիա» հեռուստաընկերության լրատվական աշխատակից Օլգա Սկաբեևայի մեկնաբանությունները:
Լիլիթ Հարությունյանը չի բացառել նաև, որ ամեն ինչ լավ լինելու դեպքում անգամ ինքը փորձի բողոք ներկայացնել լրագրողի այդօրինակ մեկնաբանությունների համար:
«Այո, չի բացառվում, Աստված տա ամեն ինչ լավ լինի, և լավ լինելու դեպքում հնարավոր է նաև այդ մասին մտածենք, որովհետև իրավունք չունեին այդպես մեկնաբանելու»:
Միևնույն ժամանակ նա ասել է, որ տեղյակ է և շնորհակալ է նաև հայաստանյան այն լրատվամիջոցներից ու լրագրողներից, ովքեր իրենց դժգոհությունը ներկայացրել են Ռուսաստանի լրագրողական կազմակերպություններին:
Galatv.am, Քրիստինա Մկրտչյան