Ինչպե՞ս ամուսինը «պատժեց» կնոջը աշխատավարձ չվաճարած տնօրենին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ալիկ Բայադյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Ալիկ Բայադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ.մայիսի 26-ի ժամը 17.00-ից մինչև 18.00-ն ընկած ժամանակահատվածում Նորքի 9 զանգ. Այգեգործների X տան բնակիչ Ալիկ Բայադյանը կնոջը` Մելինե Սարգսյանին աշխատանքի դիմաց չվարձատրելու հարցի շուրջ X ՍՊԸ տնօրեն Մինաս Խաչատրյանի և նույն ընկերության հիմնադիր սեփականատեր Վրույր Թադևոսյանի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով գնացել է Նորքի 5 զանգ. Գալշոյան X շենքի հետնամասում գտնվող խաղադաշտ, որտեղ խոսակցության ընթացքում միմյանց հասցեի տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում Մինաս Խաչատրյանը գլխով 1 անգամ հարվածել է Ալիկ Բայադյանի քթին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Դրանից հետո Բայադյանը ապօրինի կերպով ձեռք ձեռք բերած և իր մոտ պահվող ու տվյալ պահին գոտկատեղին կրած գործարանային արտադրության 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակը` ռազմամթերք հանդիսացող թվով 8 փամփուշտներով լիցքավորած կրակել է Մինաս Խաչատրյանի ձախ ոտքի մակերեսին, վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որոնց`

Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով (հոդված 112, մաս 1):

Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (հոդված 235, մաս 1):

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս