«Ո՞ր հանցանքիս համար եք ինձ տանջում` ո՛չ հաց եմ ուզում, ո՛չ ջուր, ո՛չ թոշակ, ասում եմ՝ ինձ մի հալածեք». արցախցի կին ազատամարտիկ
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Զարտախազ գյուղի 76-ամյա ազատամարտիկ Մարուսյա Դանիելյանը, ով ներկայում բնակվում է Արարատի մարզի Նորաբաց գյուղում, արցունքն աչքերին եկել էր Ազատության հրապարակ, որպեսզի լրագրողների հետ հանդիպի և պատմի, թե ինչպես են իր տունը ցանկանում խլել իր ձեռքից: Այս մասին հաղորդում է Galatv.am-ը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում տիկին Մարուսյան պատմել է, որ ինքը երկար տարիներ եղել է Զարտախազի մանկավարժ, իսկ պատերազմի ժամանակ ազատամարտիկների համար գյուղում կերակուրն ինքն է եփել, բացի այդ, համարվել է պայքարի առաջամարտիկ, հետագայում հակառակորդի հետ անհավասար մարտում ստիպված լքել են գյուղը, որը իրենցից հետո անմիջապես այրել են:
Դրանից հետո տիկին Մարուսյան ամուսնու և իրենց ունեցած երեք կովերի հետ ոտքով հասնում է Մասիս, Նորաբաց գյուղում հաստատվում: Տիկին Մարուսյան ունի չորս զավակ՝ երեք աղջիկ, մեկ տղա:
«Ես ունեմ ֆիզիկ տղա, Մոսկվայի Չեռնագալովկայի ակադեմիայում էր աշխատում, եկավ ինձ 5 միլիոն փող տվեց, խնդրեց, որ կովերը ծախեմ, գնամ հանգիստ ապրեմ: Գնացի մի հողամաս առա, մինչև այդ էլ դոմիկ էի առել, բայց գրանցման համար անձնագիր չունեի, չէ՞ որ մենք դիրքերից էինք փախել, գյուղն էլ վառել էին: Եվ այդ պատճառով առուծախի պայմանագիրը կապեցի աղջիկներիցս մեկի անունով: Եվ այս երեխան 94 թվականին գնաց Ռուսաստան, մինչև հիմա էլ այնտեղ է, հիմա նա հոգեկան պրոբլեմներ ունի, դե ինչ արած, ոչ ոք չի իմանա, թե իր երեխայի հետ ինչ կարող է պատահել: Եվ ես հիմա չեմ կարողանում այդ տունը անվանափոխեմ իմ անունով: Ես դիմել եմ ձեռքբերման վաղեմության ժամկետով, որ 10 տարուց ավելի է բոլոր փաստաթղթերը մոտս կան, ես եմ տիրապետում: Ի՞նչ իմանամ, թե աղջիկս կհիվանդանա ու կփորձի իմ տունը ձեռքիցս վերցնել»,- պատմել է տիկին Մարուսյան:
Այնուհետև սկսվել են դատական գործընթացները, սակայն տիկին Մարուսյային աջակցում են իր հարևանները և գյուղապետը, որը ներկայացրել է փաստաթուղթ, որ նա 15 տարի հարկերը մուծել է մինչև 2007 թիվը աղջկա անունով, նրանից հետո` իր անունով: Հարևանները ցուցմունք են տվել, որ 1994 թվականից այդ աղջիկը այդ գյուղ չի մտել: Մի տարուց հետո ի վերջո նրան տալիս են սեփականության վկայական:
«Դրանից հետո ես գնացել եմ Արցախ: Հինգ ամիս անց գալիս եմ տեսնում հակառակ կողմի փաստաբանը` մի խուլիգան՝ Արևիկ Ասրյանի փաստաբանը՝ Գևորգ Գևորգյանը, մի փոքրիկ բողոք է գրել, որ Մարուսյա Դանիելյանը խարդախությամբ է շահել դատը, մի կերպ վկայականը ստանում է, քրեական գործ հարուցեք: Վայ մեռնի Մարուսյան, ուրեմն էդքան կռվի պայքարի, էդքան տանջվի, վերջում գա Հայաստանում քրեական հանցագործ դառնա, էդ էլ ջհաննամը, փառք Աստծո, լավերն էլ կան, ես գլուխ եմ խոնարհում լավերի առաջ: Ես տեղյակ չեմ, էդ դիմումը ուղարկում են Մասիսի ոստիկանություն, տեսնում են խարդախություն չկա, մերժում ա: Այ քե թաղեմ, մերժել ա, բավարարվիր դրանով: Բայց հիմա տունս ձեռքիցս վերցրել են: Էս պահին էնտեղ եմ ապրում, քանի որ գործը դեռ քաշքշուկի մեջ ա: Ես էնքան թքած ունեմ, ուղղակի, որ արդարության պայքարող եմ, չեմ կարենում տանել էդ խարդախությունը»,- ասել է տիկին Մարուսյան:
Դրանից հետո տարբեր ատյաններ մերժում են փաստաբանի ներկայացրած բողոքը, սակայն վերջինս երկրորդ բողոքն է ներկայացնում մեկ այլ պատճառաբանությամբ:
«Փաստաբանս էլ այնտեղ չէր, ասեց դիմում գրեմ, որ նիստը հետաձգեն: Դատական նիստին, երբ երեխուս տեսա, գիտակցությունս կորցրեցի, ուշագնաց եղա, աչքերս բացեցի, նույն րոպեին քարշ տվեցին դատարան տարան, ոչ էդ դիմումին ուշադրություն դարձրեց, որ հետաձգի, ոչ էլ իմ գիտակցություն կորցնելուն, բա դա մարդու իրավունքների ոտնահարում չի՞: Հլա ես շոկի մեջ, առաջին ատյանում նիստ արեցին ու որոշեցին, ինչի հիման վրա` չգիտեմ, ոչ մի փաստաթուղթ չկա, տունը տվեցին էդ աղջկան, դիմեցինք վճռաբեկ դատարան, կեղտոտ Մկրտումյանը, ասել եմ, հիմա էլ եմ ասում` չեմ վախենում, եթե ես սխալ եմ, թող ինձ տանեն պատասխանատվության: Խուժանը կարգադրում ա վերևից, որ այդ աղջիկը տունը սարքել ա՝ մայրը եկել ա նախադու մտել ա: Սրանք էլ գործը չեն քննում, չեն ստուգում, հետ են վերադարձնում: Էն ժամանակվանից մինչև հիմա ես պայքարում եմ»,- պատմել է Մարուսյա Դանիելյանը:
Տիկին Մարուսյան նաև պատմել է, որ նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններին գնում է քվեարկության, և իր խոսքով` որպես արցախցի` պատրաստվում է ընտրել ՀՀԿ-ին, սակայն տեսնում է, որ ցուցակում իր անունը չկա, երբ գնում է, որ իր ընտրելու իրավունքը վերականգնի, պարզում է հետևյալը:
«Գնամ տեսնեմ ինչ, էս խուժան փաստաբանը կեղծ դատական նիստով ինձ էլ գրանցումից հանել է, թողել օդի մեջ: Հիմա էլ ես եմ դիմել գլխավոր դատախազին, ոստիկանապետին, որ սուտ մատնության և փաստաթղթեր կեղծելու համար թող քրեական գործ հարուցեն, հիմա դա այդ ընթացքի մեջ ա գտնվում»,- վրդովված ասել է Մարուսյա Դանիելյանը: Նա դիմել է բազմաթիվ մարմինների, սակայն նրա հարցին այդպես էլ լուծում չեն տվել:
Նշենք նաև, որ երկու տարի առաջ տիկին Մարուսյան կոտրել է ոտքը և ներկայում քայլում է ձեռնափայտով, քանի որ այս ընթացքում այնքան է նյարդայնացել, որ ոտքի կոտրվածքը դեռ չի վերականգնվում, և ոտքը դեռ գիպսի մեջ է:
«Կաշառակեր դատավորի ձեռքը կտրել ա պետք: Մի բողոքեք, թե ինչու է Ալիևը հերոսացնում Ռամիլ Սաֆարովին: Դուք էլ հերոսացնում եք կաշառակեր դատավորին, որը 76-ամյա ազատամարտիկ կնոջը դարձրել ա անդամալույծ: Ո՞ր հանցանքիս համար եք ինձ տանջում` ո´չ հաց եմ ուզում, ո´չ ջուր, ո´չ թոշակ: Ասում եմ` ինձ մի հալածեք, եթե դուք ի վիճակի չեք, ուզում եմ դա հայտարարվի, եթե Կառավարությունը ի վիճակի չէ կաշառակեր դատավորի ձեռքը կտրի, ես ի վիճակի եմ՝ որպես ազատամարտիկ»,- բարկացած ասել է տիկին Մարուսյան:
Ի դեպ, նա նաև աջակցում է Ազատության հրապարակում նստացույց հայտարարած ազատամարտիկներին: Եվ երեկ երեկոյան, երբ նա ևս մասնակցում էր ազատամարտիկների հրավիրած հանրահավաքին, իր ընկերներին ասել է. «Դե որ իմ հետ նման կերպ վարվեցին, պարզ է, թե ձեզ հետ ինչպես կվարվեն»:
Galatv.am, Լիլիթ Թադևոսյան