Պռոշյանում դարձյալ անհանգիստ է

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում այսօր դարձյալ անհանգիստ էր: Այս անգամ գյուղի բնակիչների բողոքն ուղղված էր իրենց համագյուղացի Արայիկ Պետրոսյանի կալանավորման դեմ, հաղորդում է Pastinfo.am կայքը:

Հիշեցնենք, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին՝ առավոտյան՝ գյուղի կենտրոնում: Գյուղն արդեն մի քանի օր է, ինչ նոր գյուղապետ ունի: Իսկ նախկին գյուղապետի սպանությունը դեռ չի բացահայտվել:

Սպանությունից 3 օր անց կալանավորվել էր գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Եվ ահա համագյուղացիները պնդում են, որ նա անմեղ է, և պահանջում են, որպեսզի պատժի արժանանան իրական մեղավորները:

Բողոքի ակցիային ներկա Արայիկ Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ նախաքննական մարմինը նոր փորձաքննություն է նշանակել, ինչը, նրա կարծիքով, վկայում է, որ նախկին փորձաքննության արդյունքները նախաքննության կողմից կասկածի տակ են դրվել: Նա նաև ավելացրել է, որ իր պաշտպանյալի դեմ որևէ վկայի ցուցմունք գործում մինչ օրս չկա:

Պռոշյանցիները տեղեկացրել են, որ նախօրեին 980 հոգու ստորագրություններով ՀՀ Գլխավոր դատախազին խնդրանք-պահանջ են ներկայացրել, որպեսզի Հրաչ Մուրադյանի սպանության գործը վերանայվի, քննությունը արագացվի և հանրության համար թափանցիկ լինի:

Հակառակ պարագայում Պռոշյանցիները սպառնում են շարունակել բողոքի ակցիաները, մասնավորապես’ սեփական մարմնով փակել ճանապարհները:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս