Ազգությամբ վրացի «օրենքով գողին» կարտաքսեն Հայաստան
Ինչպես հաղորդում է «Прайм Крайм» գործակալությունը, հուլիսի 18-ին Ձերժինսկում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 36-ամյա վրացի «օրենքով գող» Զուրաբ Ենդելաձեին, որը քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Զուրաբ Քութաիսսկի։ Նրան ձերբակալելու համար կրկին առիթ է հանդիսացել Ռուսաստանի տարածքում ապօրինի գտնվելը։
«Прайм Крайм»-ը հիշեցնում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում «օրենքով գողին» արդեն երկրորդ անգամ են ձերբակալում նույն պատճառով։ Վերջին անգամ Ենդելաձեին բերման էին ենթարկել նախորդ տարվա աշնանը Միասում։ Այստեղ նա բնակվում էր մինչև 2004 թվականը, երբ 6.5 տարվա ազատազրկման ենթարկվեց կողոպուտի համար։ Հենց այդ դատվածության ընթացքում էլ Բալաշովյան բանտում Ենդելաձեն գողական տիտղոս ստացավ։
Մոտ ապագայում Ենդելաձեին կարտաքսեն Հայաստան, որտեղի քաղաքացի է նա հանդիսանում։ Մինչ այդ «օրենքով գողին» կպահեն ապօրինի էմիգրանտների համար նախատեսված բաշխիչ-ընդունարանում։