Բաժիններ՝

Հայաստանի 20 ամենաարդիական «ինչուները»

Հաշվի առնելով մեր իրականության ամենաառանձնահատուկ կողմերը, ստորև ներկայացնում ենք մի շարք հարցեր, որոնք ավելի շատ հռետորական են:

 

  • Ինչո՞ւ են մեծահարուստներն ու պաշտոնյաները միմյանց կոկորդ կրծում երթուղայինի գիծ ունենալու համար, եթե գիծ ունենալը, ըստ պաշտոնական տեսակետի, վնասաբեր բիզնես է։

 

  • Ինչո՞ւ հենց սկսեցինք շարժվել դեպի «ապահով Հայաստան», Հայաստանում անապահովների թիվը սկսեց աճել։

 

  • Ինչո՞ւ ընդդիմությունը՝ ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն, զբաղված է  «ընդդիմություն» բառի հեղինակային իրավունքների պաշտպանությամբ:

 

  • Ինչո՞ւ է Երևանի մետրոպոլիտենը միլիոնավոր դոլարների վարկ ստանում, իբր բարեփոխվում, բայց շարժասանդուղքների տակ նստած կինը (կամ աղջիկը) շարունակում է 80-ականների ոճով ինչ-որ տեքստ կարդալ ուղևորների համար, որն ավելի անհասկանալի է դառնում բարոյապես մաշված բարձրախոսների պատճառով։

 

  • Ինչո՞ւ են Հայաստանի բանկերն օրը հազար անգամ գովազդի միջոցով խնդրում իրենցից վարկ վերցնել, բայց բանկ այցելելուց հետո պարզվում է, որ վարկառուն ինքը պետք է խնդրի։

 

  • Ինչո՞ւ նույն այդ գովազդի ձայնը մի քանի անգամ գերազանցում է այն հաղորդման ձայնին, որին ընդմիջում է։ Ինչո՞ւ որոշ մարդիկ չեն հասկանում, որ մարդկանց լեղաճաք անելը ոչ թե գովազդ է, այլ հակագովազդ։

 

  • Ինչո՞ւ են «քուչի» բոլոր ալկոհոլիկները դարձել ֆեյսբուքչի լայքահոլիկներ։ Եվ ինչո՞ւ է նրանց թվում, որ մարդկությունն անհամբեր սպասում է իրենց ստատուսներին։

 

  • Ինչո՞ւ հոգևորականը չի ցանկանում «Բենթլի» ունենալ, բայց ունի, իսկ երիտասարդների մեծ մասը ցանկանում է ունենալ (թեկուզ շատ ավելի էժանագին մեքենա), բայց չունի։

 

  • Ինչո՞ւ են բոլորը հայհոյում, երբ լրահոսում հայտնվում են աստղերի հետույքների կամ այլ բարեմասնությունների մասին լուրեր, սակայն ամենից շատ կարդացվում են հենց այդ լուրերը։

 

  • Ինչո՞ւ են ոստիկաններն իրենց պահում հոգևորականների պես, հոգևորականները՝ հանցագործների, իսկ հանցագործները՝ ոստիկանների։

 

  • Ինչո՞ւ են որոշ հայ տղաներ այնպիսի նեղ ջինսեր հագնում, որ մտածում ես՝ ներքին օրգանները թողել են տանը։

 

  • Ինչո՞ւ «կարգին տղերքից» ոմանք համասեռամոլներին չեն բարևում, բայց պաշտոնավոր համասեռամոլներին երազում են «պաչելով» բարևել։

 

  • Ինչո՞ւ Կենտրոնի նույն վայրից Դավթաշենի նույն վայրը նույն ճանապարհով տաքսիով գնալու դեպքում՝ հեռավորությունը մեկ 7 կմ է, մեկ 8, մեկ-մեկ էլ` 9։

 

  • Ինչո՞ւ  է երևանյան բիոզուգարանում հնչում Խուլիո Իգլեսիասի երգը։ Արդյո՞ք դրա ներքո մարդու աղեստամոքսային համակարգն ավելի հեշտ է ադապտացվում զուգարանի մթնոլորտին։

 

  • Ինչո՞ւ բոլորը միանգամից հավատացին, որ աղմուկ հանած տեսանյութը՝ Վարդավառ խաղացող կիսամերկ աղջիկների մասնակցությամբ, նկարահանվել է հենց Փարաքարում, և ոչ թե, ասենք, Սամարայում։

 

  • Ինչո՞ւ կրակեցին Հայրիկյանի վրա։ Ամիսներ շարունակվող դատավարության ընթացքում այդպես էլ խելքը գլխին մի տարբերակ չհնչեց։

 

  • Ինչո՞ւ ձեր անունով օֆշորային հաշիվներ չեն բացվում՝ զգալի գումարներով։ Եվ ինչո՞ւ բոլորն ամաչում էին ճիշտ գրել Կիպրոսի դատախազի ազգանունը։

 

  • Եվ վերջապես, ինչո՞ւ է աղմկում գետը, և ինչո՞ւ չեն աղմկում որոշ «ընդդիմադիրներ», երբ բոլոր հիմքերը կան աղմկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս