Տրանսպորտի գնի բարձրացման դեմ պայքարող երիտասարդներին տարել են ոստիկանություն
Այսօր առավոտյան Երևանում ոստիկանության բաժիններ են տեղափոխել մի քանի երիտասարդի, ովքեր թռուցիկներ են բաժանել քաղաքի տարբեր հատվածներում՝ «ոչ տրանսպորտի թանկացմանը» կարգախոսով:
Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը Galatv.am-ի հետ զրույցում նշել է, որ ինքը խոսել է երիտասարդներից մեկի հետ, ով ընդհամենը քաղաքացիներին թռուցիկ է բաժանել և դրա համար նրան տարել են ոստիկանության մոտակա բաժին: «Այդ երիտասարդը ընդամենը տրանսպորտի գնի թանկացման դեմ է բողոքում, պայքարել է իր իրավունքների համար, այդ թռուցիկներում ոչ մի հեղափոխական կոչեր, մտքեր, ոչ մի բան չկա, ընդամենը մարդիկ հայտնում են, որ ի վիճակի չեն ավելացված 50 դրամը վճարել, այդ իսկ պատճառով բռնում-տանում են բաժին»:
ԳԱԼԱ-ն զրուցել է նաև Արսեն Օհանյանի հետ, ով փաստել է, որ ինքը ոստիկանության Մաշտոցի բաժնում է և բացատրություն է գրում:
«Ես որևէ բան չեմ արել, հայտարարությունների բաժնում հայտարարություն եմ փակցրել, դրա համար ինձ բերեցին բաժին, իրենք հենց այդպես էլ պատճառաբանեցին…Հրավիրեցին և ես եկա, հիմա բացատրություն եմ գրում, ինձ ասում են, որ բաց են թողնելու բացատրություն գրելուց հետո»,-ասել է Արսեն Օհանյանը:
Ըստ տեղեկությունների՝ոստիկանության բաժիններ հրավիրված քաղաքացիները 4-ն են:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության բաժնից առայժմ չեն մեկնաբանում, թե ինչ պատճառով և քանիսի՞ն են հրավիրել ոստիկանության բաժիններ: