Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը բանակաշինության վերաբերող հարցեր են քննարկել

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին տեղեկացնում է .karabakh-open.info-ն:

Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության մասնակցությամբ:

Քննարկված հարցերի շարքում առանձնակի ուշադրություն է դարձվել բանակի պարենային եւ իրային ապահովման, կոմունալ շինարարության հիմնախնդիրներին:

Նախագահ Սահակյանն իր խոսքում կարեւորել է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նոր որակ հաղորդելու եւ երկարաժամկետ ծրագրեր մշակելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նման մոտեցումը լուրջ խթան կհանդիսանա ամբողջ պետության տնտեսական զարգացման եւ երկրի ներուժի արդյունավետ օգտագործման համար:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տեսանյութեր

Լրահոս